ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվել Վրաստանում. տուժած վարորդը մանրամասներ է հայտնում

Վրացական Ռուսթավիի մոտ մնացած բեռնատարների վարորդները Վրաստանի ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ գալիս են հայկական սահման: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց բեռնատարների վարորդներից մեկի հետ, որը պատմեց, թե իրականում ինչպես է տեղի ունեցել դեպքը:

«Մենք խնդրել ենք իրենց ոստիկանությանը, իրենք իրենց ոստիկանական մեքենաներով մեզ ուղեկցել են, այդտեղից հանել: Ռուսթավիի մոտ, ճանապարհի վրա, գիշերը 01.00-ին, մի տասը մեքենայի վնաս են հասցրել, քարով շպրտել են հեռվից, գիշերը 01.00-ի կողմերը: Կարող էին կրակել, ինչ իմանաս ինչ կլինի հետո»,- իրավիճակը ներկայացրեց մեր զրուցակիցը:

ArmLur.am-ը քիչ առաջ գրել էր, որ Ռուսթավիի մոտ 40 բեռնատարի հայ վարորդներ հայտնվել են անելանելի դրության մեջ: Նաեւ բեռնատարների կոտրած ապակիների կադրեր էինք հրապարակել: Նշենք, որ այս խնդրին անդրադարձել է նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա հայտարարել է, որ Վրաստանում հարձակման ենթարկված հայ վարորդների հարցով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:

Ցավոք սրտի, տհաճ եւ վտանգավոր միջադեպ է գրանցվել. ըստ ամենայնի Մառնեուլի բնակիչ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական համարանիշներով ավտոմեքենանեին, կոտրել որոշների ապակիները եւ, վարորդների պնդմամբ, խոչընդոտներ են հարուցել տեղաշարժվելու հարցում: Խոսքը մոտ տասնյակ բեռնատարների մասին է:

Նախարարին խնդրել եմ բարձրացված հարցի օպերատիվ լուծման հանձնարարական՝ հայկական համարներով ավտոմեքենաների անվնաս Հայաստան գալու համար: Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն անպատիժ չեն թողնի այս հանցագործությունը:

Նշենք, որ ArmLur.am-ն դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Մեզ հետ կապ հաստատեց փոխնախարար Արմեն Սիմոնյանը եւ փոխանցեց, որ վրացական իշխանությունները զբաղվում են ահազանգով: Ապա նշեց, որ նախարարությունն այս պահին դեռ բողոք չի ստացել բեռնափոխադրող ընկերությունից: Իսկ ահա «Մուլտի Թրաք» (Վրաստանում հարձակման ենթարկվել են նաեւ «Մուլտի Թրաք» ընկերության վարորդները) ընկերության ներկայացուցիչն այլ պատկեր ներկայացրեց:

Ընկերության ներկայացուցչի խոսքով Վրաստանում ոստիկանությունն արձանագրություն չի կազմել, հակառակը՝ հորդորել է ճանապարհը բացել, խցանումներ չառաջացնել:

Սյունէ Համբարձումյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *