ՄԻԵԴ-ում 190 հայ գերիների վերաբերյալ դիմումներ կան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն 190 հայ գերիների վերաբերյալ դիմումներ են առկա եւ Հայաստանը դեռ շարունակում է նոր դիմումներ ուղարկել՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: Սակայն պաշտոնական Բաքուն միայն 40 հոգու գերեվարման փաստն է հաստատել։ Ավելին,  վերջին օրերին Ադրբեջանը հայտարարություններ է տարածում, թե գերեվարվածները ահաբեկիչներ են եւ դիվերսանտներ։

Նկատենք սակայն, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն  ուղղակիորեն չի կարող պարտավորեցնել պետությանը՝ վերադարձնել գերեվարված անձանց: ՄԻԵԴ-ը պարզապես պարտավորեցնում է ներկայացնել ապացույց-տեղեկատվություն, թե արդյոք դիմումում նշված անձիքն իրենց մոտ առկա են, թե ոչ, եւ եթե կան, ապա պետք է տեղեկատվություն տրամադրեն այդ մարդկանց պահման պայմանների, առողջական վիճակի եւ առհասարակ ընդհանուր վիճակի մասին: Այսինքն, այս ամենից զատ ՄԻԵԴ-ը չի կարող որեւէ այլ բան պարտավորեցնել Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը։ «Ցավոք, այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, և դա ամենազգայուն և ցավոտ հարցն է, քանի որ այն հումանիտար հարց է։ Մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ նոյեմբերի 9-ի մեր համատեղ  8-րդ կետը (գերիների և պահվող անձանց վերաբերյալ-խմբ.) ամբողջությամբ չի իրականացվել։ Հույս ունեմ, որ ամենակարճ ժամկետներում մեզ կհաջողվի հասնել կոնկրետ լուծումների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում միակ չկատարված կետը հենց ռազմագերիների վերադարձի հարցն է, որը կարծես թե փակուղի է մտնում, եթե հաշվի առնենք այն հայտարարությունները, որոնք գալիս են ադրբեջանական կողմից:

Ն.Հ.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *