ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չարեքտարցիները այրել են տները, բայց հնարավոր է՝ գյուղը մնա Արցախին. ԼՈՒՐԵՐ. com

Օրերս ՀՀ կառավարությունը հրապարակել էր Արցախի այն 121 բնակավայրերի անունները, որոնք անցել են կամ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ համաձայն ռազմական գործողությունների դադարեցման մասին ստորագրված հայտարարության:

Այդ 121 բնակավայրերի մեջ էր գտնվում նաև Չարեքտար գյուղը, որը մինչև այսօր վիճելի է՝ հանձնվել է Ադրբեջանին, թե՞ ոչ: Երեկվանից համացանցում բուռն շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ Չարեքտարի բնակիչները այրել են իրենց տները, պատրաստվել են տեղահանման, սակայն հետո պարզվել է, որ այդ գյուղը չի հանձնվելու Ադրբեջանին:

Այս տեղեկությունը պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը կապ է հաստատել Չարեքտար գյուղի բնակիչ Ռուզաննա Ազարյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղը երեկվանից արդեն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ. «Երեկ արդեն ճանապարհները փակվեցին, ու ամուսինս մնաց այդ գյուղում, ինքը չկարողացավ դուրս գալ գյուղից: Անգամ անձնագիրը իր մոտ չի, որ գոնե կարողանա Լաչինի միջանցքով գալ: Քիչ առաջ էլ խոսեցի նրա հետ, խնդրեց, որ գումար ուղարկեմ՝ կարողանա մեքենա գտնել գալու համար»,- ասել է Ռուզաննան:

Լրատվականի հետ զրույցում նա նաև նշել է, որ ամբողջ գյուղը դատարկված է, այնտեղ բացի իր ամուսնուց, մնացել է նաև սկեսրայրը. «Մինչև վերջին պահն էլ այնտեղ եղել են բնակիչներ, մեր տներում մեր զինվորներին ենք ընդունել, իրենք են եկել մեր գյուղը հսկել: Բնակիչները, սակայն, գյուղը լքել են վերջին 2 օրերին»,- ասել է Չարեքտարի բնակիչը:

Վերջինիս հաստատել է, որ գյուղացիները այրել են ոչ միայն իրենց տները, այլև դպրոցները. «Կան տներ, որ չեն այրել, գրանատ են գցել ու պայթեցրել տունը: Հին դպրոցն են այրել, նոր դպրոցի տանիքն են հանել: Գյուղում 55 ընտանիք է եղել, և ընդամենը 5 տուն է մնացել, որ չի պայթեցվել կամ այրվել»,- ընդգծեց Ռուզաննան:

Որքան էլ, Չարեքտարի բնակիչը պնդեց, որ գյուղը անցել է Ադրբեջանին: Լրատվականի  հետ զրույցում այլ է եղել Չարեքտարի գյուղապետ Կամո Ցականյանի կարծիքը. «Սկզբում, երբ իմացանք, որ Քարվաճառը պետք է հանձնվի Ադրբեջանին, համոզված էինք, որ Չարեքտարը ևս հանձնվելու է, ո՞վ կիմանար, որ այսպես կլինի: Չարեքտարը Ադրբեջանին չի հանձնվել, քանի որ, ինչպես հետո պարզվեց, նախկինում այն եղել է Մարտակերտի շրջանում»,- պարզաբանել է գյուղապետը:

Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչու էր երեկվանից գյուղ տանող ճանապարհը փակվել, պատասխանեց, որ պատճառը չգիտի, բայց հիմա այն բաց է, և ինքը գնում է Չարեքտար. «Որքան էլ, որ ցանկանում եմ՝ այն վերաբնակեցվի, միևնույն է այն կարծիքին եմ, որ Չարեքտարը այսուհետ կսկսի ծառայել որպես ՀՀ զինված ուժերի տեղակայման վայր»,- եզրափակեց Կամո Ցականյանը:

Ի՞նչ է ստացվում, որ պաշտոնական հայտարարության մեջ Չարեքտարը ներառված է այն գյուղերի շարքում , որոնք հանձնվելու են Ադրբեջանին, գյուղապետը նշում է, որ գյուղը մնալու է մեր կազմում, իսկ դրան զուգահեռ գյուղացիները շարունակում են այրել իրենց տները՝ ադրբեջանցիներին չթողնելու նպատակով: Հասկանալու համար՝ ինչ ճակատագիր է սպասվում գյուղին, ժամեր շարունակ փորձեցինք  կապ հաստատել Մանե Գևորգյանի և Վահրամ Պողոսյանի հետ, սակայն՝ ապարդյուն: Մնում է հասկանալ՝ ով պետք է ի պաշտոնե իրազեկեր գյուղացիներին և ուղղորդեր իրենց գործողություններում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *