«Երբ վերադարձա Թաթուլենց տուն, տեսա, որ շենքի բակում լույս է վառվում. Ախր, եթե Թաթուլը վիրավոր է, էս ի՞նչ լույս է…»

«Երբ վերադարձա Թաթուլենց տուն, տեսա, որ շենքի բակում լույս է վառվում. Ախր, եթե Թաթուլը վիրավոր է, էս ի՞նչ լույս է…»

Թաթուլի ու Անահիտի սիրո պատությունն սկսվեց ավագ դպրոցում: Թաթուլը խենթի պես սիրահարվեց Անահիտին, 7 տարի շարունակ հետախույզի համառությամբ պայքարեց Անահիտի ոչ պակաս համառ սրտի համար, հետո Արագածի գագաթին ամուսնության առաջարկ արեց։

Տարօրինակ երջանկություն

«Հետախույզ ամուսին ունենալ՝ նշանակում է ամեն անգամ ճանապարհել, չիմանալով՝ վերադառնալու է, թե ոչ: Ամեն անգամ բաժանվելիս մենք իրար հրաժեշտ էինք տալիս՝ չիմանալով՝ էլի կտեսնե՞նք իրար:

Պատերազմն սկսվելուց մի քանի օր առաջ Թաթուլը եկավ ու ասաց.

«Արձակուրդ եմ վերցրել, պիտի գնանք հանգստանալու»: Գիտե՞ք՝ շատ տարօրինակ երջանկություն էր այդ օրերի երջանկությունը: Մենք շատ-շատ երջանիկ ենք եղել միասին: Բայց այդ օրերի երջանկությունը տարօրինա՛կ երջանկություն էր: Երբ Տաթեւի ճանապարհին էինք, ասացի. «Թա՛թ, զգո՞ւմ ես՝ ինչքան տարօրինակ է էս երջանկությունը: Կարծես վերջը լինի:

Այսպիսի բան լինում է միայն հեքիաթների վերջում: Ինձ թվում է, որ այս երջանկությունը եկել է ոչ թե նրա համար, որ մենք երջանիկ լինենք, այլ եկել է ինչ-որ մեկիս կուլ տալու»: Թաթն ինձ ասաց․ «Էլ էդպես չասես։ Ես պիտի հերոս մեռնեմ: Ես պիտի էնպես մեռնեմ, որ Մոնթես պատմության դասին իմ մասին անցնի ու ասի՝ ինքն իմ պապան է: Ես պիտի իմ ազգի համար մի բան անեմ, նոր…», ու իր ուզածն ինքն արեց, իր ուզած մահով էլ մահացավ:

Չավարտվող գիշեր

Թաթուլը զոհվեց հոկտեմբերի 19-ին: Ինձնից թաքցնում էին: Բոլորն իմ զանգերից խուսափում էին, ընկերների հեռախոսահամարները զանգելուցս հետո անհասանելի էին դառնում: Արդեն հասկանում էի, թե ինչ է կատարվում, բայց չէի ուզում հավատալ… Ամսի 19-ի երեկոյան ինձ ասացին, որ Թաթուլը վիրավոր է: Ես սկսեցի զանգել հիվանդանոցներ, բայց չէի կարողանում գտնել: Այդ գիշերն ինձ համար… չգիտեմ… դժոխք էր… լույսը չէր բացվում: Մի ամբողջ գիշեր ծնկի եկած՝ աղոթեցի: Աղոթում էի, խենթի պես քայլում, անվերջ-անվերջ աղոթում:

Աղաչում էի՝ Աստվա՛ծ իմ, խնդրում եմ, դու միայն իրեն բեր, հասցրու տուն: Ոտքերը չլինեն, ձեռքերը չլինեն՝ կարեւոր չէ, դու միայն իրեն հասցրու ինձ… Աղոթքներովս լույսը բացվեց… Ես մամայենց տանն էի: Երբ վերադարձա Թաթուլենց, այսինքն՝ մեր տուն, տեսա, որ շենքի բակում լույս է վառվում: Ախր, եթե Թաթուլը վիրավոր է, էս ի՞նչ լույս է… հասկացա, հասակացա, թե ինչ է կատարվել, ու էլ ոչինչ չեմ հիշում: Ուշաթափվել եմ: Այդ պահից սկսած՝ ես մի ամիս սթրեսից չեմ խոսել:

Մահ իմացյալ

— Թա՛թ, ո՞նց ես:
— Ա՛ն, արե՛ւս, միշտ հիշի՝ եթե ոտքերս, ձեռքերս էլ չլինեն, ես պայթած էլ լինեմ, մեկ է, ես լավ եմ:

Միշտ, երբ հարցնում էի՝ ո՞նց ես, ասում էր՝ սաղից լավ եմ:

Հարցնում էի՝ ի՞նչ ես անում, պատասխանում էր՝ քնած եմ: Ասում էի՝ էդ կրակոցների տակ ո՞նց ես քնած: Ինձ ինքը մի՛շտ էր հանգստացնում: Իսկ հիմա, որ պատմում են, թե Թաթուլն ինչերի միջով է անցել, ինչ լուրջ հանձնարարություններ է արել…

Վերջին հանձնարարության ժամանակ հրամանատարը հարցրել է՝ ո՞վ է պատրաստ կամավոր գնալ այսինչ գործողությանը՝ շեշտելով, որ 99 տոկոսով չեն վերադառնալու: Թաթուլն առաջինն է ասել՝ ես կգնամ: ԱԹՍ-ի հարվածից զոհվել է ե՛ւ ինքը, ե՛ւ իր երեք հատուկջոկատային ընկերները: Չորս ընկեր, որ միշտ անբաժան են եղել: Այդ առաջադրանքը եղել է պատերազմի ամենավտանգավորներից մեկը: Այդ տղերքը եղել են վերջին հույսը, որ այդ հողերը կարող են գոնե փրկել:

Մոնթեն

Մեր տղայի անունը Թաթո՛ւլը դրեց Մոնթե: Որոշել էր՝ 4 տղա պիտի ունենանք. հայրենիքին զինվոր է պետք: Անուններն էլ՝ Արաբո, Նժդեհ, իսկ եթե աղջիկ՝ Սյունե, Սոսե: Թաթուլն իր տունը փոքր հայրենիք էր դարձնում, որտեղ պիտի ծնվեին Նժդեհներ, Արաբոներ, Մոնթեներ:

Մոնթեն 1,5 տարեկան է, դեռ չի խոսում: Երբ Թաթուլի ընկերները եկան մեր տուն, ինքը համազգեստը ճանաչեց ու սկսեց լացելով խփել տղերքից մեկին: Բոլորս հասկացանք․ Մոնթեն մտածեց, թե իր պապայի շորերն ուրիշն է հագել: Մոնթեն ընդամենը մի քանի օր է, ինչ սկսել է «պապա» ասել: Բայց իր պապան չհասցրեց լսել այդ «պապա» բառը: Մոնթեի ծնված օրվանից երազում էր այդ բառի մասին: Թաթուլի զոհվելու օրերին Մոնթեն 3 օր բացարձակ ոչինչ չկերավ, շատ նյարդային էր: Երեւի երեխաս ինչ-որ բան զգում էր:

Մե՛նք պարտվեցինք

Թաթուլն իր բաժին հաղթանակը տարավ, ինչպես այն բոլոր տղերքը, որ իրենց կյանքը տվեցին: Այդ մե՛նք ենք պարտվել: Պարտվել է մեր դիվանագիտությունը, մեր քաղաքական գործիչները: Մեր էրեխեքը չեն պարտվել, կռված ցանկացած զինվոր հաղթել է: Ինձնից սկսած՝ բոլորս մեղավոր ենք, բայց ո՛չ իրենք:

Թաթուլի դեպքից հետո ես գնացի Արցախ: Ինձ թվում էր՝ Թաթուլին այնտեղ կգտնեմ, կխաղաղվեմ: Բայց երբ գնացի, այդ հողերը տեսա… Սարսափելի է, որ այն հողը, որի վրա արյուն է թափվել, չես կարող գրկել, գոնե ձեռքերդ խրել այդ հողի մեջ, զգալ… Էնքան սարսափելի է, երբ այդ կորստի հետ հասկանում ես, որ նա էլ ես կորցրել: Ստացվեց, որ մենք երկուսն էլ կորցրինք: Ես պատերազմի ժամանակ շատ-շատ եմ իրեն գրել՝ կկարողանաս, ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք: Ես էլ էի հավատում…

Ապրեցնելով…

Հիմա Թաթուլի մասին գիրք եմ գրում: Ես պարտավոր եմ ամեն ինչ անել, որ իր մասին բոլորն իմանան: Երբ զգում եմ, որ թուլանում եմ, էլ ուժ չունեմ, արդեն վերջն է, ինձ հիշեցնում եմ, որ ես Թաթուլի կինն եմ: Ինքն ինձ միշտ ասում էր, որ ես իրավունք չունեմ թույլ լինելու: Ինքս ինձ էդպես ուժ եմ տալիս: Ու ես մտածում եմ, որ եթե ես ուզում եմ, որ ինքն ապրի, պիտի ես ապրեցնեմ իրեն: Իսկ ինքը կապրի, քանի ես ու մնացածն իրեն հիշում ենք:

Ես մենակ չեմ… ես զգում եմ՝ ինքն իմ հետ է: Ինքը չի կարող թողնել, որ ես մենակ մնամ: Ես իրեն էլ, ինքս ինձ էլ խոստացել եմ՝ ամեն ինչ Մոնթեի համար անելու եմ, ամեն-ամեն ինչ: Իսկ ինքը կլինի այնքան, ինչքան մենք կանք. ինքն ինձ մենակ չի թողնի: Ինքն էնքան լավ ամուսին է եղել, որ ոչ մի օր ինձ մենակ չի թողել ու հիմա էլ չի թողնի: Ինքն ինձ ուժ կտա ու կօգնի, որ անեմ ամեն ինչ:

Անավարտ սեր…

Թաթուլի մահով իմ կյանքը կարծես ավարտվեց: Երբ նպատակներդ, երազանքներդ մեկի հետ են կապված, ու երբ մի օր այդ մեկը չի լինում, ամեն ինչ կարծես վերջանում է: Թաթուլի մահից հետո ես փախչում էի Մոնթեից: Ինձ թվում էր՝ ինքը կհարցնի՝ ո՞ւր է պապաս, ու ես այդ հարցի պատասխանը չունեմ: Ես վախենում էի իմ երեխայից, նրա անմեղ աչքերից:

Սուտ է, թե ինչ-որ մի օր կհարմարվեմ այս ամենին, ուղղակի հիմա հասկանում եմ, որ Թաթուլի տե՛ղն էլ ես պիտի լինեմ: Պիտի ամեն ինչ անեմ, որ Մոնթեն ոչնչի կարիք չունենա: Թաթուլն ինձ մահանալուց առաջ հաղորդագրություն էր ուղարկել, վերջին հաղորդագրությունը՝ «Ձեզ շատ եմ սիրում: Մոնթեին իմ տղա կմեծացնես: Ես քեզ կյանքիցս շատ եմ սիրում»:

Թաթուլից հետո ողնաշարս կոտրվեց: Չգիտեմ՝ ինչքան ժամանակ պետք կգա, որ կարողանամ ոտքի կանգնել: Դատարկվել է կյանքս: Այնքան ահավոր է, երբ ունենում ես ամեն ինչ ու մի օր հասկանում ես, որ ոչինչ չունես: Մենք ամեն օր իրար սեր էինք խոստովանում, ես ամեն օր նորից սիրահարվում էի նրան: Ինձ համար կար ինքը, ու վերջ: Ինքն էլ ամեն օր մի էնպիսի յուրահատուկ բան էր անում: Ես ամեն արթնանալիս հասկանում էի, որ էսօր ավելի շատ եմ սիրում, քան երեկ: Ու ես ամեն օր եմ դա ասել իրեն: Ու գիտե՞ք, դա էնքան կարեւոր է: Հիմա ես ինձ չեմ մեղադրում: Ես ներսիս եղածը՝ մինչեւ վերջին տառը, տվել եմ իրեն: Ու ինքն էլ:

Իմ վերջին նամակում էլ ես էլի գրել եմ, որ ես իրեն շատ սպասում եմ, ու ինքն իմ հերոսն է ու ինքը պիտի գա: Ինքն իմ ամբողջ սերը տարել է իր հետ, որովհետեւ ամենն ասել եմ, բան չեմ պահել»:

ՀԳ. Թաթուլ Տիգրանի Հակոբյան՝ ՀՀ ՊՆ հատուկջոկատային, հրամանատար, ապրիլյան պատերազմի եւ հուլիսյան մարտերի ակտիվ մասնակից, արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացրած, պարգեւատրված ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության գերատեսչական, մարտական մեդալներով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *