Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԼՂ պատերազմում պարտությունից հետո․ Forbes

Հեղինակավոր Forbes պարբերականի հոդվածագիր Փոլ Իդոնն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի թեմային ու մի շարք դիտարկումներ արել։

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք հեղինակի հոդվածը․

«Այս աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Ադրբեջանը ոչնչացրեց մեծ քանակությամբ հայկական ռազմական տեխնիկա: Այդ աղետալի պարտությունը, անկասկած, կոշտ դասեր տվեց Երևանին այն մասին, թե ինչքան արագ է զարգանում ժամանակակից պատերազմը և, հավանաբար, այն մեծ ազդեցություն կունենա զենքի ապագա գնումների վրա:

Մասնավորապես, ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի կողմից տրամադրված անօդաչու սարքերը որոշիչ են դարձել Ադրբեջանի համար: Նախագահ Իլհամ Ալիևը պարծեցել է, որ իր երկրի անօդաչու սարքերը ոչնչացրել են 1 միլիարդ դոլարի հայկական ռազմական տեխնիկա:

Հայաստանի կողմից վերջերս ձեռք բերված ռուսական Սու-30 կործանիչները՝ Հայաստանի փոքր օդուժի առաջատար ռազմական ինքնաթիռները, չեն օգտագործվել հակամարտության մեջ: Դա զուգորդվում է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի անկարողությամբ, որոնք այնպիսի հին տարբերակներ էին, որ նախատեսված էին կործանիչների և ռմբակոծիչների խոցման, այլ ոչ թե փոքր,դանդաղ շարժվող անօդաչու սարքերի կործանման համար։ Հենց սա Ադրբեջանին հնարավորություն տվեց տիրել առաջնագծի երկնքին և արդյունավետ կերպով թիրախավորել հայկական ցամաքային ուժերը։

Zapad 2017 military drills in Brest Region, Belarus

Իր հոդվածում Իդոնը մեջբերում է Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ԱՄՆ նախկին միջնորդ Մեթյու Բրայզայի հայտարարությունը, ըստ որի՝ վերջին հակամարտությունը ցույց տվեց, որ ռուսական զենքի համակարգերը, լինեն դրանք Ս-300 ՀՕՊ կամ Տ-72 տանկեր, այլ ժամանակաշրջանի սպառազինություն են, երբ առկա է իսրայելական և թուրքական ժամանակակից անօդաչու թռչող սարքերի համադրությունը:

«Եթե ցանկանում եք «հագեցած լինել» այս ժամանակակից ռազմի դաշտում, և եթե դուք Հայաստանն եք, ապա, ի վերջո, կցանկանաք ձեռք բերել այդ տեսակի սարքավորումներ», — ասել է նա:

Իսրայելը, որը հանդիսանում է Ադրբեջանի զենքի խոշոր մատակարար և ադրբեջանական նավթ ներկրող, ամենայն հավանականությամբ, Երևանին չի պատրաստվում վաճառել առաջատար զենք կամ անօդաչու սարքեր: Թուրքիան, անշուշտ, չի էլ անի դա, քանի որ նա Հայաստանի հիմնական մրցակիցն է և ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին:

Բրայզան կասկածում է նաև այն հարցի շուրջ, որ ԱՄՆ-ն կվաճառի Հայաստանին առաջադեմ զենք: Սա նշանակում է, որ Հայաստանի միակ «կենսունակ տարբերակը» նրան ավանդական զենք մատակարարող Ռուսաստանն է: Այնուամենայնիվ, Մոսկվան կարող է պատրաստ չլինել Երևանին վաճառել ՀՕՊ-ի ավելի առաջադեմ համակարգեր, քան մինչ օրս։

ARMENIA, AZERBAIJAN, NAGORNO-KARABAKH, T-72 TANK,

Ըստ նրա՝ Հայաստանն ու նրա ժողովուրդն այժմ «այլ հոգեվիճակում են», քան մինչ վերջին հակամարտությունը, երբ երկիրն այն համոզմանն էր, որ իր զինվորներն անպարտելի են, և որ ադրբեջանցիները չգիտեն ինչպես կռվել:

«Հիմա նրանք այնպիսի ազգային աղետ են կրել, որ իրենց ամբողջ մտածելակերպը խորը ինքնավերլուծման մեջ է։ Նրանք հիմա փորձում են պարզել՝ ինչպես վերականգնել իրենց բարոյականությունը», — ասել է Բրայզան ու շեշտել, որ այս պահին հայերն ունեն շատ ներքաղաքական հարցեր, որոնցից մեկն էլ այն է, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես կգոյատևի, թե՞ ոչ։

Բացի այդ՝ Բրայզան վստահ է, որ եթե անգամ հայերն ի վերջո հասնեն այս կետին, պարտադիր չի լինի սեփական ռազմական զինանոցը վերակառուցել`գերազանցելու կամ նույնիսկ համապատասխանեցնելու Ադրբեջանի ռազմական և տեխնոլոգիական հնարավորություններին, քանի որ Բաքուն չի պատրաստվում հարձակվել միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան հայկական տարածքի վրա:

«Բաքուն գիտի, որ եթե երբևէ հարձակվեր հայկական տարածքի վրա, դա կհանգեցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երաշխիքների գործարկմանը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը պարտավոր կլիներ միջամտել։ Այնպես որ Հայաստանը կարիք չունի իր զինանոցը համապատասխանեցնելու Ադրբեջանի ռազմական կարողություններին։ Այն պետք է պարզի, թե որն է ապագայի իր ազգային ռազմավարությունը և ինչպես ապրել իր իսկ կողմից միջազգայնորեն ճանաչված սահմաններում այնպես, որ հայ ժողովուրդը իրեն ապահով զգա», — ամփոփել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *