«Ինձ ասաց՝ զգում եմ՝ այս անգամ չի լինելու էնպես, ոնց մենք ենք ուզում, քեզ լավ նայի ու հիշի քեզ շատ եմ սիրում»։ Արցախում նահատակված Հարութ Նիկոլյանի ընկերուհու հուզիչ գրառումը

Հարութ Արմենի Նիկոլյանը ծառայել է Ստեփանակերտի՝ Ցոր զորամասում, իսկ պատերազմի օրերին եղել է բոլոր ամենածանր ճակատներում, 40 օր անընդմեջ առանց մի վայրկյան հանգստանալու կռիվ է տվել թշնամու դեմ, հայրենի հողը պաշտպանելու համար: Հարություն Նիկոլյանն օրինակելի զինվոր է եղել, ստացել կրտսեր սերժանտի կոչում, նաև ջոկի հրամանատար էր։ Ծառայության ընթացքում էլ անընդհատ Աստվածաշունչ էր կարդում, ամեն մի տողը անգիր գիտեր ու էդ նեղ պահին էլ, տղերքին հույս էր տալիս, Աստվածաշնչից օրինակներ բերում, ասում, որ հաստատ փրկվելու ենք։Հարութը միշտ անձնվիրաբար է ծառայել հայրենիքին մինչև վերջին շունչը վիրավորներ է իջացրել, ու այդպես մինչև վերջ կյանքեր փրկելով, զոհվել է մարտում:Հարութի մասին է պատմում նաև իր սիրած աղջիկը՝ Ալլա Մկրտչյանը։ Հարութն ու Ալլան ընդունվել էին Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, ուզում էին պատմաբաններ դառնալ։ «Իր մասին չեմ կարողանում անցյալով խոսել ու չեմ խոսելու։ Այն, ինչը ինքը չհասցրեց, ես եմ շարունակելու իր ու իմ փոխարեն»,- հաստատակամ ասում է սիրելիի կորստի հետ չհամակերպված Ալլա Մկրտչյանը։Հպարտությամբ է նշում՝ Հարութը խելացի էր ու քաջ։ Դիտավորյալ քննություններից մեկը չէր հանձնել, որ իր անվճար անցնելու հավանականությունը մեծ լինի։ 5-րդ դասարան էի, դպրոցս փոխեցի, ինձ տարան Հարութի դասարան։ Իր կողքին էի նստում, էնքան բարի, լավ տղա էր, ինձ միշտ օգնում էր։ Հարութն ինձ համար ամեն ինչ էր, միշտ էնքան պաշտպանված էի զգում իր կողքին։ Հետո մեծացանք, հասկացանք, որ ավելին ենք, քան սովորական ընկերները»,- պատմում է Ալլան։ «Մեկ տարի է արդեն՝ չէի տեսել, սպասում էի արձակուրդ կգա, բայց․․․․։ Անցյալ տարի էր եկել, կարճ րոպեներ եմ տեսել ու հույսով սպասում էի։ Հարութի մասին ինչ էլ պատմեմ, ինչ էլ ասեմ, բառերն էնքան քիչ ու անարժեք են իր մարդ տեսակը նկարագրելու համար»,- ասում է Ալլան։ 19-ամյա աղջիկը խոստովանում է՝ իր կյանքի կարևոր որոշումները կայացնելիս Հարութի խորհուրդներով է առաջնորդվել․ «Ինձ ասում էր, երբեք չհանձնվես, պայքարի մինչև վերջ, իրեն բնորոշ կարգախոսով էլ հենց ինքն էր առաջ շարժվում: Էն ժամանակ, եթե ասում էի, որ կգա, կողքիս կլինի, իր ներկայությունը կզգամ, հիմա ամեն պահ եմ զգում»։ Հիշում է՝ երբ պատերազմը նոր էր սկսվել, Հարութն իրեն ասել է՝ Ալլա, դու ես ինձ պահում։ Իսկ երբ վերջին անգամ խոսել են՝ նոյեմբերի 3-ին, Հարութն ասել է, թե հույս չունի, որ հետ կգա․ «Ինձ ասաց՝ զգում եմ՝ այս անգամ չի լինելու էնպես, ոնց մենք ենք ուզում, քեզ լավ նայի ու հիշի քեզ շատ եմ սիրում»։ Ալլան վստահ է՝ Հարութներ կծնվեն էլի, բայց իր Հարութը եզակի էր, մեկն էր, որ էլ չի լինի․ «Գիտեմ, որ Հարութի նման շատերը «սիրում եմ քեզը» շուրթերին՝ գնացին։ Շատ սերեր ու շատ երազանքներ կիսատ մնացին։ Մի բան կասեմ, մարդի՛կ, գնահատե՛ք ձեր սիրելիներին, գնահատե՛ք ամենաթանկը, նրանց հետ անցկացրած ժամանակը, որովհետև շատերն իրենցը կիսատ թողեցին հանուն ձեր երազանքների, հանուն ձեր վաղվա ապագայի։ Մարդիկ պիտի էնպես ապրեն, որ ամեն անգամ մեր զոհվածների առաջ ծաղիկ խոնարհելիս պարզ ճակատով դա անեն։ Եվ թող վատը չխոսեն, թող հպարտանան, որ եղել են Հարութներ, եղել են լիքը տղերք, որոնք իրենց կյանքի գնով են մեզ պաշտպանել, որոնց կիսատ թողածը մենք պիտի շարունակենք»…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *