«Փաշինյանը պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի կամ խարակիրի անի». Foreign Policy-ի անդրադարձն Արցախում «ամեն ինչ կորցրած» հայերին

Հեղինակավոր Foreign Policy հանդեսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը լքող հայերին և Արցախի շրջանների` Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելու գործընթացին: Լրագրող Լիզ Քուքմանն իր հոդվածում նշում է, որ Քարվաճառի շրջանը փոխանցվում է Ադրբեջանին՝ իրենց երեխաներին մեծացրած և տները կառուցած մարդկանց ուղարկելով նոր կյանք և նոր տուն փնտրելու:

Անգամ մինչ այն ժամանակ, երբ Փաշինյանը ֆեյսբուքյան էջով հայտարարել էր պատերազմի ավարտի մասին, հայերը կորուստի զգացում ունեին:  Երեք կողմից մահմեդական հարևաններով շրջապատված քրիստոնեական երկրի և ավելի քան մեկ դար առաջ ցեղասպանություն հաղթահարելու համար պայքարող ժողովրդի ազգային հոգեվիճակում գերակշռում են էքզիստենցիալ վախերը: Ամենուր մարդիկ անհանգստացած  են, որ Թուրքիան, որը այս հակամարտությունում սատարում էր Ադրբեջանին և երբևէ պաշտոնապես չի ճանաչել 1915-ի մոտ 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը, փորձում է բնաջնջել նրանց:

Հիմա, երբ հայերը դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից,  քիչ բան են թողնում իրենց ետևից: Գյուղացիներից ոմանք, զգալով, որ այլևս կորցնելու բան չունեն, հրկիզում են իրենց տները ՝ մխիթարություն գտնելով նրանում,  որ իրենց թշնամիները չեն կարողանա քնել այնտեղ:

«Ինչպես կարող եմ թողնել, որ մուսուլմանն ապրի այստեղ: Այն տեղում, որը ես եմ ստեղծել, կառուցել»,-ասում է 34-ամյա Արսեն Մնացականյանը, որի արյունահոսող ձեռքերը մրից սևացել էին: Ֆերմեր և կամավորական Արսենն այստեղ ապրել է 20 տարի, մեծացրել է իր երեխաներին: Նա ասում է, որ կգնա կամ Հայաստան, կամ Ռուսաստան: Միայն մի բան հաստատ գիտի. չի կարող ապրել այն մտքով, որ իր կառուցած տան պատուհանից այլ մարդ է նայում:

«Մարդիկ ապրում են այստեղ իրենց հողի, կենդանիների հետ: Ամեն բանի կորուստ է»,-ասում է նա:

Հանձնումից մեկ օր առաջ գրեթե ոչ մի տուն չէր մնացել Արցախի հյուսիսային այս հատվածում: Շենքերը ածխացած էին` բոցերի մեջ:

Հակամարտությունը ծանր էր: Այն, ինչ հետո եկավ, գուցե ավելի ծանր էր: Համացանց չկար, հեռախոսային ազդանշանը շատ թույլ էր, ուտելիք էլ գրեթե չկար, բացի հացից և արագ պատրաստման լափշայից: Խառնաշփոթ է սկսվել: Ո՞րն է այժմ Ադրբեջանի հետ սահմանը: Եթե հյուսիսային ճանապարհը այլևս Հայաստանինը չէր, իսկ Լաչինի միջանցքը փակ էր, արդյո՞ք բոլորը թակարդի մեջ էին: Հարցերը շատ էին, պատասխանները` քիչ:

Ամենամեծ վախերից մեկը Դադիվանքի հնարավոև կորուստն էր: Մարդիկ Հայաստանի բոլոր անկյուններից ճանապարհորդում էին` վերջին անգամ տեսնելու վանքը, համբուրում էին Հայաստանի դրոշը, հույս էին պահում աստվածային միջամտության համար:

«Ես առաջ ասել եմ, որ մնալու եմ, և ես կմնամ: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և մեզ միշտ տանջել են: Բայց ես ձեզ վստահ եմ ասում, քրիստոնյաները կվերադառնան այստեղ»,-ասում է Տեր Հովհաննեսը:

Երբ հոգևորականը վերջին մկրտությունը կատարեց, ռուս խաղաղապահները տեղ հասան և դա հույսի նշան էր: Համենայնդեպս, այս պահի դրությամբ թվում է, թե Դադիվանքը փրկված է:

«Այս շենքերը՝ հին շենքերը, կարևոր են այստեղի մարդկանց համար, ուստի մենք այստեղ ենք ՝ դրանք պաշտպանելու համար »,-ասել է Դադիվանքի ռուս խաղաղապահներից մեկը, ով խնդրել է իր անունը չհայտնել, քանի որ մամուլի հետ շփվելու իրավասություն չունի:

Ռուսական, և հետագայում գուցե նաև թուրքկան զորքերը իրենց այստեղ տեսնում են խաղաղապահի դերում: Բայց ոչ բոլորն են պատրաստ խաղաղության: Չնայած մարտական գործողությունները ավարտվել են, մասնագիտությամբ մեխանիկներ Արտակն ու Արարատը պատրաստ են կրկին մեկնել առաջնագիծ:

Նրանք վախենում են, որ ադրբեջանական ուժերը կարող են փորձել ավելի շատ հողեր զավթել: Նրանք, ինչպես և շատերը, բարկացած են Փաշինյանի վրա` գործարքը ստորագրելու համար: Երևանում էլ ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը:

«Նա պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի կամ խարակիրի անի»,-ասում է Արտակը:

 Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են  համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների  դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *