Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում խոցված Մի-24 ուղղաթիռի գործը վերաորակվել է ավելի ծանր հոդվածով

Ռուսաստանի ռազմական քննիչները վերաորակել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի -24 ռազմական ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այն քննվում է ավելի ծանր հոդվածով` դիտավորյալ սպանություն: Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը` հղում անելով տեղեկացված աղբյուրին:

«Քրեական գործը, որը սկզբնապես հարուցվել էր Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 351 հոդվածով (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտում, որոնք անզգուշությամբ հանգեցրել են մահվան) վերաորակվել է ավելի ծանր հոդվածի՝ 105 հոդվածի 2-րդ մասի (երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանություն)», – հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նա պարզաբանել է, որ եթե առաջին դեպքում նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում, ապա երկրորդ դեպքում ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Աղբյուրը նշել է նաև, որ այս որոշումը կայացվել է գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքների հիման վրա:

«Ակնհայտ թվացող հանցագործության պայմաններում քննիչները նախ պետք է հարուցեին քրեական գործ այն հոդվածի հիման վրա, որով սովորաբար հետաքննվում են նման դեպքերը, այնուհետև նյութեր հավաքեին կատարված արարքի առավել ճշգրիտ որակավորման համար», – բացատրել է գործակալության զրուցակիցը:

Միևնույն ժամանակ նա դժվարացել է ասել, թե որքան կտևի հետաքննությունը:

«Կան որոշակի դժվարություններ ՝ կապված այն բանի հետ, որ կասկածյալները գտնվում են այլ պետության տարածքում», – ասել է աղբյուրը:

Ըստ նրա` գործը քննում են Գյումրիի ռուսական բազայում տեղակայված ռազմական քննիչները:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության օդային տարածքում` Նախիջևանի սահմանին գտնվող Երասխ գյուղի մոտակայքում, ԼՂ-ում ընթացող ռազմական գործողություններից հեռու ադրբեջանական ուժերը խոցել էին ռուսական Մի-24 հարվածային ուղղաթիռը: Դեպքի հետևանքով զոհվել էր 2 ռուս զինծառայող, 1-ը վիրավորվել էր:

Նույն օրը երեկոյան ստորագրվել էր Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին:

Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ ուղղաթիռը պատահմամբ է խոցվել, և ներողություն էր խնդրել ռուսական կողմից այս ողբերգական միջադեպի կապակցությամբ` պատրաստակամություն հայտնելով համապատասխան փոխհատուցում վճարել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *