Կոչ եմ անում իմ ազգին ամուր լինել, օգտագործել, գիտելիքը և հմտությունը, լինել միասնական. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուղերձ է հղել հայրենակիցներին ու երկրպագուներին․

«Covid 19-ը խաթարեց կյանքի կանոնավոր ընթացքը, այդ թվում՝սպորտը։ Այն ֆուտբոլից խլեց ամենագլխավորը ՝ երկրպագուներին։

Երկրպագուները չեն կարողանում գնալ ստադիոններ ու հետևել սիրելի թիմի հանդիպման ընթացքին, դրա հետևանքով ֆուտբոլը կորցնում է դիտարժանությունը։

Կարանտինը ընդհատեց մրցաշրջանները ու հանդիպումները հետաձգվեցին ֆուտբոլիստների ու անձնակազմի շրջանում գրանցված դեպքերի պատճառով։

Մարզիկները նույնպես գտնվում էին ճնշման տակ, քանի որ ստիպված էին ձևափոխել իրենց մարզումների ժամանակացույցը տնային պայմաններում մարզավիճակը պահելու համար։

Մինչ այժմ էլ, մարզիկները ստիպված են հետևել խիստ կանոնների՝ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ նորից հանդիպումներ անցկացնել»։

Մխիթարյանը նաև շեշտել է, որ անհրաժեշտ են ժամանակակից լուծումներ համավարակի բոլոր հետևանքների հաղթահարման համար։ Նա նաև հույս է հայտնել, որ Իտալիան կկարողանա ամբողջովին հաղթահարել վիրուսը ու նորից կներկայանա աշխարհին իր գեղեցկությամբ ու տաղանդով։

«2020-ը հատկապես բարդ էր հայ ժողովրդի համար։

Համավարակի պայմաններում ՄԱԿ-ը հորդորել էր կանգեցնել բոլոր պատերազմները, բայց իմ երկրին պատերազմ են պարտադրել։ 44 օր անդադար կռիվ, ևս մեկ ողբերգություն իմ ազգի համար, հազարավոր կորսված կյանքեր, հազարավոր վիրավորներ, որբեր, գերիներ ու կոտրված երազանքներ։

Գիտեմ, որ Արցախի և Հայաստանի շատ երեխաներ Ամանորն անցկացնելու են մանուկների համար անսովոր պայմաններում: Որպես UNICEF-ի բարի կամքի դեսպան՝ չափազանց մտահոգված և հուզված եմ այս ամենով:

Այդուհանդերձ, 2020 թվականն, իր ամբողջ անհաջողություններով հանդերձ, դարձավ ամենակարևորը իմ կյանքում. ես հայր դարձա:

Այս յուրահատուկ օրը իմ մտքերը այն ընտանիքների հետ են, որոնց սիրտը չի լցվել տոնական տրամադրությամբ։

Իմ սիրելի Հայաստանին ցանկանում եմ ՝ անվտանգություն և խաղաղություն: Ոչ մի երիտասարդ այլևս չպետք է վտանգի ենթարկի իր կյանքը, այլ պետք է ցույց տա իր ներուժը։

Կոչ եմ անում իմ ազգին ամուր լինել, օգտագործել, գիտելիքը և հմտությունը, լինել միասնական։ Եվ իհարկե, չմոռանանք մոմ վառել մեր զինվորների հիշատակի համար:

Իմ լավ բարեկամներ, գալիք տարում ձեզ մաղթում եմ ՝ սեր, երջանկություն և հաջողություն: Թող երեխաներն ապրեն խաղաղ և ապահով մոլորակում:

Շնորհավոր Ամանոր։ Կտեսնվենք խաղադաշտում:

Սիրում եմ ձեզ՝ ձեր Մխիթարյան»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *