Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կինը մայրացել է (լուսանկարներ)

Շենգավիթ Բժշկական կենտրոնը ներկայացնում է պատմություն՝ ինչպես է կարողացել քաղցկեղը հաղթահարած կինը մայրանալ։ «Սա պատմություն է մի կնոջ մասին, ում նոր կյանքը սկսվեց դարի չարաբաստիկ հիվանդության ախտորոշումից հետո։ Լուսանկարի փոքրիկի մայրիկը 31 տարեկանում պլանային ստուգման ժամանակ հայտնաբերում է, որ ունի կրծքագեղձի քաղցկեղ, և անցնելով երկարատև վիրահատական ու բուժման կուրս՝ հաղթահարում է այն։

Ընտանիքի լիարժեքության համար զույգը որոշում է գնալ ռիսկի և բալիկ ունենալ։ Հրաշքներ լինում են, երբ այդ հրաշքին նպաստում են պրոֆեսիոնալները։ Դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին՝ զույգը որոշում է կայացնում արտամարմնային բեղմնավորմամբ բալիկ ունենալ «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի օգնությամբ։

Մայրիկի հետ հավասարապես հուզված Մ․ Գրիգորյանը պատմում է, որ արտամարմնային բեղմնավորմամբ կնոջ հղիանալու հավանականությունը 7% էր և լի ռիսկերով, բայց այնուամենայնիվ, որոշել են փորձել: Շատ կարևոր հանգամանք է այն, որ կնոջը հակացուցված է եղել հորմոնալ խթանիչները, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Մարգարիտա Գրիգորյանի նախաձեռնությամբ արտամարմնային բեղմնավորումը կատարվել է բնական ցիկլով: ԱԲՄ առաջին փորձից գրանցել են երկար սպասված հղիությունը։

Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի պրոֆեսիոնալ, հոգատար մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի հսկողության ներքո։ Հղիության հասուն փուլում իրականացվել է կեսարյան հատում, ծնվել է երիտասարդ ընտանիքի հրաշքը՝ Ելենան: Ինչպես մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն է նշում․ «Հղիության ընթացքը հեշտ չի անցել, բայց պատվով ենք հաղթահարել»:

Փոքրիկի անունը զույգը միանշանակ է ընտրել՝ Ելենա, ինչպես երջանիկ մայրիկն է ասում՝ նա «Елена Прекрасная»-ն է։ Երիտասարդ կինն իր անսահման շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Շուշանիկ Բախշյանին և Մարգարիտա Գրիգորյանին, և նշում, որ առանց նրանց անհնար կլիներ այսօր գրկելու մի բուռ երջանկությունը, ով լիովին փոխել է իրենց կյանքը»,- ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.