Երևանում բերման է ենթարկվել թմրավաճառն ու նրա 22-ամյա դուստրը

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դրոյի փողոցի 55-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, պահում և իրացնում: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Փետրվարի 21-ի երեկոյան ժամը 6-ին Դրոյի փողոցից ոստիկանները բերման են ենթարկել 38-ամյա երկու տղամարդու` մեքենայով հանդերձ:

Փաստական տվյալներ են եղել, որ նրանցից մեկը րոպեներ առաջ էր 10 հազար դրամով վերոհիշյալ 55-ամյա տղամարդուց ձեռք բերել մարիխուանա: Ըստ բերման ենթարկվածի` թմրանյութն իր օգտագործման համար էր:

Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները շարունակել են միջոցառումները` արդեն համագործակցելով քննչական բաժնի ծառայողների հետ:

Փետրվարի 23-ին իրավապահները բերման են ենթարկել մեկ այլ տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նմանատիպ զանգվածով լուցկու տուփ: Իրավապահները փաստական տվյալ են ունեցել, որ նա ևս մարիխուանան ձեռք էր բերել Դրոյի փողոցի նույն բնակչից, սակայն՝ նրա դստեր միջոցով:

Նույն օրը խուզարկություն է կատարվել թմրավաճառի տանը: Հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, տոպրակ, պոլիէթիլենային պարկեր ու լուցկու տուփեր, ծխամորճեր, էլեկտրոնային կշեռք և այլն:

22-ամյա դուստրը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ 55-ամյա հայրը կալանավորվել է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.