Քաղաքական կրկեսի սեզոնի բացումը

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Հայաստանում քաղաքական ուժերը ըստ էության բացում են հանրահավաքային «սեզոնը»՝ եղանակների տաքացմանը զուգահեռ: Դրանով զբաղված են թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժեր: Մեծ հաշվով, դրանով զբաղված է հայաստանյան քաղաքական դաշտը մոտ երեք տասնամյակ, հասկանալի է՝ իշխանականից բացի: Ըստ էության, հայաստանյան ներքաղաքական կյանքում որպես կանոն գործել է մի «սրբազան» տրամաբանություն՝ չգիտես ինչ անել, արա հանրահավաք:

Իհարկե, մոլորություն է կարծել, թե հանրահավաք անողները հենց միայն դրանով էլ զբաղված են: Բոլորովին: Հանրահավաքը գործունեության փաթեթն է, իսկ գործնականում այդ բոլոր ուժերն էլ փորձում են ունենալ տարբեր շփումներ, կապեր և այլն, այսպես ասած որևէ իրավիճակի միշտ պատրաստ լինելու համար, որպեսզի հետ չմնան կամ չուշանան որևէ փոփոխությունից: Իսկ հանրահավաքները հանրության համար են, քանի որ քաղաքացիների հետ աշխատանքի այլ միտք կամ մոդել, մեթոդաբանություն, քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը Հայաստանում չի ունեցել և չունի, և չունի անգամ ցանկություն:

Թավշյա հեղափոխությունից հետո այդ ամենի փոփոխության միամիտ հույսը չարդարացավ: Իսկ հույսը միամիտ էր թերևս այն նկատառումով, որ տեղի ունեցավ կարգավիճակների փոփոխություն, բայց ոչ դերակատարների: Իսկ, եթե որևէ դերակատար ունակ է որևէ այլ աշխատանքի, ապա այդ աշխատանքի ունակությունը ակնառու է լինում անկախ քաղաքական կարգավիճակից: Ըստ այդմ, ինչպես մտածել ու գործել են մինչև հեղափոխությունը, այդպես էլ թերևս մտածելու և գործելու են հեղափոխությունից հետո: Այդ պատճառով էլ, հանրահավաքային տրամաբանությունը չենթարկվեց փոփոխության, պարզապես դրան միացավ նախկին իշխանությունը՝ 2018-ից հետո դառնալով ընդդիմություն, և հանրահավաքային տրամաբանություն ստացավ իշխանությունը, որը մինչև 2018 ընդդիմություն էր, իսկ հետո դարձավ իշխանություն՝ մնալով հանրահավաքային տրամաբանության շրջանակում: Մեծ հաշվով սա է հայաստանյան քաղաքական մտածողության համայնապատկերը: Այն փոխելը իհարկե չափազանց բարդ է, որովհետև որևէ փոփոխության հայտ բախվում է ահա գործնականում համընդհանուրի ուղիղ կամ անուղղակի դիմադրությանը, որովհետև ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանում տեղի ունենա քաղաքական հեղափոխություն, այսինքն հեղափոխություն մտածողության մակարդակում:

Թեև, դա գուցե պետք էլ չէ, Հայաստանում թերևս պետք չէ ավելորդ պատրանքներ տածել հեղափոխության առնչությամբ: Եթե կա միտք, գաղափար, եթե կա նոր աշխարհին համարժեքություն՝ զերծ տարատեսակ կարծրատիպերից, պատմա-քաղաքական կաղապարներից, աշխարհաքաղաքական երկրպագություններից, ապա այդ միտքը պետք է կենտրոնանա իրավիճակի փոփոխության էվոլյուցիոն ռազմավարության և մեթոդաբանության մշակման վրա: Այն իհարկե պահանջում է շատ ժամանակ, համբերատար աշխատանք, հետևողականություն, համառություն, հոգեբանական բարձր հատկանիշներ: Բայց, հենց դրանք են նաև լինելու նորի ցուցիչը, հակառակ դեպքում չի փոխվել և չի փոխվի ոչինչ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.