«Հիմա մի դպրոցից կուզեմ պատմել, որի մասին շատ էի լսել, բայց առաջին անգամ էի լինում»․ Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառոմ է կատարել, որտեղ ասվում է․

Երեկ և այսօր չափորոշիչների փորձարկմանն էինք հետևում Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների դպրոցներում։
Շատ բան տեսանք՝ թե դրական իմաստով, թե խնդիրների, որոնց մասին առանձին կգրեմ։
Հիմա մի դպրոցից կուզեմ պատմել, որի մասին շատ էի լսել, բայց առաջին անգամ էի լինում։

Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցն է։ Սա այն դպրոցն է, որի մասին մի անգամ պատմել էի, որ ավագ տարիքի ուսուցիչները ազատվել են աշխատանքից՝ երիտասարդներին հնարավորություն ընձեռելով, որ մնան գյուղում և աշխատեն։

Դպրոցը բարեկարգ է, ինչի համար, բառիս բուն իմաստով նաև իրենց ձեռքերով են աշխատել։ Բահերով դպրոցի առջևի հատվածն են մաքրել-կարգի բերել, որ հնարավոր լինի ասֆալտապատել։ Հիմա դույլերն ու բահերը իրենց պատվավոր տեղն ունեն դպրոցի միջանցքում՝իբրև թանգարանային նմուշ։ Պետքական գույքն էլ տարբեր եղանակներով են ապահովել. թե տարբեր ծրագրերին մասնակցությամբ, թե, օրինակ, աղբի վերամշակմամբ, հայկական քարկտիկ խաղը արտադրելով։
Նկարչության դասերը եղանակը տաքանալուն պես, բակում են անում, հրաշք բնության մեջ։ Ու այսօր առաջինը, ինչ տեսանք, բակում մոլբերտների առջև նկարող երեխաներին էին՝ նոր բացվող գարնան թարմ կանաչի մեջ։

Ֆիզկուլտուրայի ժամին չորրորդ դասարանցիները ոգևորված խաղեր են խաղում, բոլորը նույն կարմիր շապիկներով, որից նաև ուսուցիչները ունեն։ Բոլոր ուսուցիչները մարզական որևէ խմբակում են ընդգրկված։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչն է պարտադրել. առողջ ապրելակերպը պետք է սկսեն իրենցից։
Դասերը վառվռուն էին ու կենդանի, երեխաները՝ հետաքրքրված ու մասնակցող, ուսուցիչները՝ ոգևորված ու հնարամիտ։

Ասում են, օրինակ, ֆիզիկայով երեխաներն այնքան են հետաքրքրվում, որ երեկոյան ուշ նոր տուն են գնում՝ ուսուցչի հետ քննարկելուց, խնդիրներ լուծելուց, փորձեր անելուց չհոգնելով։
Դասարաններից մեկում տեսնում ենք տնօրենի թողած նոթատետրը. դասալսման էր, մյուս դասարանում էլ փոխտնօրենին ենք տեսնում՝ էլի նշումներով, էլի դասալսման։
Ոչ մի անկյուն բաց չեն թողել, միջանցքներն էլ ուսումնական տարածք են, որտեղ ընդմիջումներին պարում են միասին, քննարկում, իսկ գյուղի նվիրած հնաոճ իրերի ֆոնին նաև գյուղական թանգարան-թեյարան բացում։

— Անցեք, երեխեք ջան, — մեղմ ասում է տնօրենը՝ արվեստի ժամին գրաֆիտի ուսումնասիրող ու խմբային աշխատանքից հետո դպրոցի միջանցքում արված գրաֆիտին իրենց ուսուցչի հետ ուսումնասիրելու գնացող տասներորդցիների խմբին։

Դպրոցը բարեկարգել են, բայց չեն երեսպատել։ Շենքի ճակատին մնացել է արկի հետքը, որ ճառագայթների նման տարածվում է բոլոր կողմերով։ Մեր արևն է՝ ասում են ամեն ինչը կենարար լույսի վերածելու մի հաստատակամությամբ, որ տեսնում ես ամեն միլիմետրի վրա, ամեն խոսքի մեջ։
Մեզ ցույց են տալիս նախագծային աշխատանքները, հետո հյուրասիրում թարմ թխված խաչապուրի ու գաթա, որի բուրմունքը գալիս է դպրոցական ճաշարանից։ Ամեն ինչ հնարավոր է՝ ասում են վերջում ու սա էն քիչ տեղերից մեկն է, որտեղ այդ բառերը ասում եմ ոչ թե ես, այլ ինձ են ասում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.