«Արցախը մերն է, այնտեղ ունեցածը պետք է շենացնել». ևս 13 տուն կկառուցվի տեղահանված արցախցիների համար

«100 տուն Արցախում» նախաձեռնության երկրորդ եթերաշրջանն է մեկնարկում: Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում իրենց տունը կորցրած եւս 13 ընտանիք սպասում է բնակարանամուտի:

Մեզ հետ զրույցում հաղորդման հաղորդավար, դերասան Սոս Ջանիբեկյանը հայտնեց, որ շինաշխատանքները նոր թափ են ստացել, քանի որ ծրագրին են միացել մի քանի նոր շինարարական կազմակերպություններ: «Երկրորդ եթերաշրջանում մեզ միացել են եւս երկու շինարարական կազմակերպություններ, որոնց աշխատակիցները չեն հանգստանում շաբաթ-կիրակի օրերին, օրվա մեջ ընդմիջում չեն անում, ամբողջապես կպած են գործին եւ հասկանում են, թե որքան կարեւոր եւ անհրաժեշտ նախաձեռնություն է սա»,-ասաց նա:

Ջանիբեկյանը շեշտում է՝ լավատեսությամբ, հույսով եւ աշխատանքի արդյունավետությունը տեսնելով վստահ է, որ անցած եթերաշրջանի համեմատ այս անգամ աշխատանքները կկրկնապատկվեն եւ այս եթերաշրջանում արդեն հավաքված տան գումարներով կառուցված կտեսնեն 13-15 նոր տուն: Հանրության եւ կազմակերպությունների կողմից նվիրաբերած գումարները բացառապես ուղղվում են տների շինարարության վրա, իսկ տների հիմքի աշխատանքները, ըստ դերասանի, իրականացնում են Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը: «13 տան գումար այս պահին հավաքված է»,-հավելեց նա:

Անդրադառնալով ծրագրի առաջին փուլում տուն ստացած արցախցիներին՝ վերջինս ասաց, որ ձմռան անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շահառուները դեռեւս չեն կարողացել տեղափոխվել իրենց տներ ապրելու:

«Անցած տարվա վերջին հաղորդմանը մենք հանդիպել էինք առաջին շահառուների հետ՝ պատրաստի բնակարանում: Շահառուները դեռ այնտեղ չեն ապրում, քանի որ ընթացքի մեջ է ջրագծերի խողովակների անցկացման գործընթացը, որը կրկին կանգնել էր ձմռան անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Բանալիները իրենց մոտ է, գնում-գալիս են, վարագույրներ կան կախված, մի խոսքով՝ տեր են կանգնում իրենց բնակարանին, մինչեւ կտեղափոխվեն ապրելու: Թե այս ամենը երբ կհասնի իր ավարտին, չեմ կարող ասել, որովհետեւ շինարարական պրոցեսների մանրամասներին լավատեղյակ չեմ: Ըստ իս՝ մինչեւ ամռան կեսերը բոլոր կոմունալ հարմարությունները պատրաստ կլինեն, եւ այնտեղ արդեն հնարավոր կլինի բնակվել: Եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ նախորդ եթերաշրջանում մեզ չգոհացրեց շինարարական աշխատանքների ընթացքը. դանդաղում էր»,-ընդգծեց դերասանը:

Հաղորդման շրջանակներում Ջանիբեկյանը առիթ է ունենում շփվել տասնյակ արցախցիների հետ, հետաքրքրվեցինք՝ Արցախում ապրելու ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն, հասարակությունը խոսում է, որ Ադրբեջանի՝ չդադարող սադրանքների հետեւանքով արցախցիները թողնում են իրենց բնակավայրերը: Ձեր տպավորությամբ՝ արցախցիները հաստատակամ ե՞ն իրենց բնակավայրերում ապրելու եւ Արցախը շենացնելու հարցում:

«Մեզնից ավելի կայուն են, նրանց խիզախությունը եւ կամային հատկանիշներն ավելի վառ են դրսեւորվում: Կարծում եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ տասնյակ տարիներ ապրել են այդ լարված մթնոլորտում: Հաղորդման շրջանակներում նրանք ասում էին՝ արդեն 20 տարուց ավել անընդհատ կրակոցներ կան, հարմարվել են: Ցավոք, վատ կողմը այն է, որ աշխարհաքաղաքական այս խաղերի մեջ մենք չենք որոշողը եւ այս պահին այնքան զարգացած, հարստացած ու ռազմական իմաստով ձեւավորված ուժ չունենք, որ կարողանանք իրականացնել մեր ցանկությունները եւ դրա հետեւանքով թե՛ Հայաստանի, եւ՛ Արցախի, եւ թե՛ Սփյուռքի մոտ կա թերահավատություն Արցախի հանդեպ, որից նաեւ տուժում է այս նախաձեռնությունը»,-ցավով արձանագրեց Ջանիբեկյանը:

Ասում է՝ մարդիկ փողոցում տեսնելիս հետաքրքրվում են՝ «Սոս ջան, դու կարծում ես, որ Արցախում ամեն ինչ լավ կլինի՞, այդ հողը դեռ Հայաստանին կմնա՞, որ նման գործ եք նախաձեռնել»: Այս հարցադրումներին ի պատասխան, Ջանիբեկյանը շեշտում է՝ չապրեցնելով Արցախը, այնտեղ չայցելելով, կյանքը չշարունակելով, ամեն օր քարը քարին չդնելով, ավելի ես մեծացնում այն հավանականությունը, որ, գուցե, այն մի օր մերը չլինի:

«Այն, ինչ քոնն ես համարում, եւ վերաբերում ես այնպես, ասես քոնն է, այն տիեզերական ներդաշնակության մեջ ավելի հակված կլինի քոնը լինելուն: Արցախը մերն է, եւ այնտեղ ունեցածը պետք է շենացնել ու ծաղկեցնել, հետո մտածել ավելինի մասին»,-նշեց նա:

Դերասանը շնորհակալություն հայտնեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, ինչպես նաև Տիգրան Վիրաբյանին ու Արման Միտոյանին հաղորդմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:

«Նրանց շնորհիվ ես հնարավորություն ունեցա հաճախ այցելել Արցախ, ապրել արցախցու հոգսերով՝ մի չնչին չափով: Շնորհակալ եմ նաեւ մեր ստեղծագործական խմբին, որ այդպիսի հրաշալի հաղորդում են նկարահանում»,-ասաց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.