Երբ Ռիտա Սարգսյանն ու Սեյրան Օհանյանի կինն էին հանդիպում զnhված զինծառայողների հարազատներին, արդյոք դա անում էին նրանց «օգտագործելու» կամ սեփական PR-ի՞ համար

44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված զոհերի ու գերիների հանգամանքը հետպատերազմական այս ողջ շրջանում լիուլի շահարկվել է որոշ շահագրգիռ ուժերի կողմից՝ ընդհուպ զոհերի վերաբերյալ կեղծ՝ 5000 թիվ շրջանառելով։ Վերոհիշյալ շահագրգիռ խմբերը մինչ օրս փորձում են սպեկուլյատիվ նպատակներով օգտագործել պատերազմի անբուժելի վերքը՝ զոհերին, նրանց հարազատներին ներքաշելով քաղաքական ճղճիմ ինտրիգների մեջ։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների մայրերի, քույրերի և այլ հարազատների մասնակցությամբ վերջերս կազմակերպված միջոցառմանը, ինչպես հայտնի է, հաջորդեց ակնհայտրեն ուղղորդված արշավ: ԶԼՄ-ների՝ սոցիալական հարթակներում զետեղված՝ միջոցառման մասին պատմող հրապարակումների մեկնաբանություններում շատերը պարսավանքի խոսքեր թափեցին այդ միջոցառմանը մասնակցած զոհերի հարազատների հասցեին՝ հատելով բարոյականության ու կոռեկտության բոլոր սահմանները։

Աննա Հակոբյանը միջոցառումից հետո տեսաուղերձով հանդես եկավ, որում մասնավորապես նշում էր. «Մեր հերոսների մայրերը բախվում են հանրային պարսավանքի՝ խանութ գնալու, առևտուր անելու համար, խնամված տեսք ունենալու,երեխա ունենալու համար»։ Այս տեսաուղերձն էլ իր հերթին շահարկումների առիթ դարձավ, որի վերաբերյալ իրենց վերաբերմունքն արտահայտեցին ֆեյսբուքյան որոշ օգտատերեր։

Ուզում ենք առանձնացնել մասնավորապես երիտհանրապետական,ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանին, որը ահա թե ինչ էր գրել. «Էդ շոուն Աննան կազմակերպել էր նրա համար՝ իրական ու ֆեյք ծնողների մասնակցությամբ, որպեսզի սկսի տեսաձայնագրային շարք և փորձի ցույց տալ, թե ինչ մտածող կին է: Վիձիծե լի, ծնող ա պաշտպանում: Իրականում չի պաշտպանում, այլ օգտագործում ա»:

Սույն երիտհհկականը, փաստորեն, զոհված զինծառայողների ծնողներին «ֆեյք ծնողներ» է կոչում։ Ավելին՝ ՀՀԿ-ականի գրառումը, որի մի մասը մեջբերեցինք, ՀՀԿ-ն զետեղել է իր պաշտոնական էջում՝ «լուրեր» բաժնում՝ այսպիսով, փաստորեն, համաձայնելով իր կուսակցի որակումների հետ, մասնավորապես՝ զինծառայողների «ֆեյք ծնողների», նրանց «օգտագործվելու» մասով։

Արշավին անմասն չմնաց նաև «5-րդ ալիք»-ը և որոշեց «կոնտր» ռեպորտաժ պատրաստել՝ միջոցառման և դրան հաջորդած ուղերձում բարձրացված խնդիրների մասին խոսելով հատկապես այն զոհված զինծառայողների մայրերի հետ, որոնք, դատելով ռեպորտաժում հնչած նրանց խոսքից ու վերաբերմունքից, մեղմ ասած, բացասական վերաբերմունք ունեն վարչապետի և նրա տիկնոջ նկատմամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի կինը՝ Նաիրա Նազարյանը, օրինակ, որը զոհված զինծառայող Աբգար Նազարյանի մայրն է, ռեպորտաժում մասնավորապես նշում է, թե «իմ մտապատկերում միանգամից պատկերվեց Մեհրիբան Ալիևայի հանդիպումը զոհվածների մայրերի հետ»։

Ռեպորտաժում իրենց կարծիքը հայտնած մյուս զոհերի մայրերը ևս խիստ բացասաբար արտահայտվեցին Հակոբյանի հասցեին, ասացին, որ որևէ մեկն իրենց չի կշտամբում առևտուր անելու, երեխա ունենալու, խնամված տեսք ունենալու կամ գունավոր հագուստ կրելու համար։ Նախկին նախագահ Քոչարյանի լրատվական սպասավոր «5-րդ ալիքն»՝ ցավալիորեն, օգտագործելով զոհերի մայրերի վիշտը, նրանց դարձրեց հակաքարոզչության, թող ներվի ասել՝ գործիք։ Ի դեպ, Ա. Հակոբյանն այսօր պատասխանել է իր հասցեին հնչած կշտամբանքներին՝ մասնավորապես նշելով. «Դուք պետք է ապրեք, ապրեք այնպես, ինչպես դուք եք ուզում։ Եվ ոչ ոք չպետք է ձեր կյանքը քննարկման առարկա դարձնի»:

Ռիտա Սարգսյանին ու Ռուզանա Խաչատրյանին կարելի էր, Աննա Հակոբյանին՝ ոչ

Վերանալով «օգտագործել» և PR հասկացություններից՝ վերհիշենք, որ ապրիլյան պատերազմից հետո ևս զոհերի հարազատները ուշադրության կենտրոնում էին, և երբ նրանց այցելում էին կամ նրանց մասնակցությամբ միջոցառումներ էին կազմակերպվում, այդ գործողություններին նման գռեհիկ արշավներ չէին հաջորդում, ինչպես եղավ օրերս տեղի ունեցած միջոցառման դեպքում։

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո իր քաղաքացիական ակտիվությամբ աչքի էր ընկնում հատկապես պաշտպանության այդ ժամանակվա նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի տիկինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը։

Վերջինս քառօրյա պատերազմից մոտ երկու շաբաթ անց՝ ապրիլի 20-ին, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանի և բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանի ուղեկցությամբ այցելել էր զոհված զինծառայողներից մի քանիսի ընտանիքներին և ֆոտոշարք տեղադրել ֆեյսբուքյան իր էջում: Լուսանկարներին կից նաև «ՄԵՐ ՀԵՐՈՍ ՄԱՅՐԵՐԸ…» վերնագրով նյութ էր հրապարակված, որտեղ զոհվածների հարազատները պատմում էին իրենց զինվորների հետ ունեցած վերջին զրույցների մասին: Ռ. Խաչատրյանն այցելել էր մասնավորապես Շիրակի մարզ՝ իր ցավակցությունները, զորակցությունը հայտնելու ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողներ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի, լեյտենանտ Աշոտ Շահբազյանի, սերժանտ Արման Անդրեասյանի, ժամկետային զինծառայողներ Տիգրան Աբգարյանի, Վիկտոր Յուզիխովիչի, Վլադիմիր Մելքոնյանի, Գևորգ Վարդանյանի, պայմանագրային զինծառայող Վարդան Թադևոսյանի մայրերին, ընտանիքներին։

2016 թվականի դեկտեմբերի 27-ին էլ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա տիկին Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել էին մասնավորապես ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքների երեխաներին և թոռնիկներին, այդ թվում՝ Արցախից։ Տիկին Ռիտայի գլխավորությամբ վառվել էին տոնածառի լույսերը, իսկ նրա լայն ժպիտն ուղեկցել էր ներկաներին տոնական միջոցառման ողջ ընթացքում։ ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակի առթիվ էլ Ռ. Սարգսյանը երգ էր գրել, որը կատարում էր Միհրան Ծառուկյանը։

Հետևություն. հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհածների հարազատները մշտական ուշադրության և հոգատարության կարիք ունեն, և ցավալի է արձանագրելը, թե ինչպես են ոմանք, հագուրդ տալով իրենց կրքերին, մարդասիրությունը անառողջ մեկնաբանման ենթարկում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.