«Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը կլինեն օլիմպիադայի, ֆեդերացիայի նախագահ ու քաղաքական գործիչ, ես՝ ո՞չ». Նատալյա Ռոտենբերգի արձագանքը

«Ես ոչինչ չեմ կորցրել, նրանք են կորցրել»: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, անդրադառնալով Մարմնամարզության ֆեդերացիայի այն որոշմանը, որով դադարեցրել են իր հետ համագործակցությունը:

Հիշեցնենք՝ փետրվարի սկզբին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել էր, որ Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում:

Ռոտենբերգի խոսքով՝ ինքն իրեն հեռացված չի զգում, քանի որ հեռացնում են այն մարդուն, ում աշխատավարձ են տալիս, իսկ ֆեդերացիայի որոշման մասին տեղեկացել է այլ մարդկանցից:

«Ես աշխատավարձ չեմ ստացել, իսկ դա նշանակում է, որ ինձ չեն հեռացրել: Իմ անձնական նախաձեռնությունն է եղել մտնել գեղարվեստական մարմնամարզություն: Ես իմ հեռանալու և փոխնախագահի կարգավիճակից ազատվելու մասին իմացել եմ այլ մարդկանցից: Ինձ որևէ մեկը չի հրավիրել հանդիպման, ֆեդերացիան համարձակություն չի ունեցել ինձ կանչել հանդիպման ու ասել, որ ես ինչ-որ բան սխալ եմ անում, կամ ինչը նրանց դուրս չի գալիս։ Ինչ վերաբերում է իմ քաղաքական գործունեությանը, գաղտնիք չէ, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ: Ես մեկ տարի առաջ էլ եմ զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել եմ վարչապետի ընտրություններին»,- ասաց նախկին մարզուհի, բալետի պարուհին:

Նա ընդգծեց՝ Հայաստան է եկել հանուն ամուսնու, որովհետև նա որոշում էր կայացրել մասնակցել ընտրություններին։ Ռոտենբերգն ընդգծեց, որ քաղաքականության մեջ է ու չի պատրաստվում հեռանալ:

«Եթե ինչ-որ մեկին թվում էր, թե ես, գեղարվեստական մարմնամարզություն մտնելով, պետք է դադարեցնեմ իմ քաղաքական գործունեությունը, սխալվել է։ Ինչի՞ համար եմ ես ստացել երկրորդ բարձրագույն կրթությունս, որպեսզի տանը լավաշ կամ կարկանդակներ թխե՞մ, ես պիտի լինեմ քաղաքականությունում»,- նշեց նա:

Տիկնոջ խոսքով՝ Հայաստանում օրենքը չի արգելում քաղաքական գործիչին լինել նաև սպորտում՝ օրինակ բերելով Գագիկ Ծառուկյանին, որը և՛ քաղաքականությամբ է զբաղվում, և՛ զուգահեռ Օլիմպիական կոմիտեի նախագահն է, և Սերժ Սարգսյանին, որը երկրի նախագահ էր և համատեղ շախմատի ֆեդերացիայի նախագահը:

«Ամեն մարզիկ այս կամ այն կուսակցության անդամ է: Այստեղ սպորտը և քաղաքականությունը համատեղելու խնդիրը չէր: Սա չի պատճառը, որ ինձ ազատել են փոխնախագահի պաշտոնից: Պատճառն այն է, որ ես հաջողում էի, ես սկսել էի մարդկանց դուր գալ, ես հեղինակություն էի ձեռք բերել, մարդիկ սկսել էին ինձ վստահել և կանգնել իմ կողքին»,- կարծում է նա:

Նրա համոզմամբ՝ այս ամենի պատճառը վախերն են, որոնք ունեցավ ֆեդերացիան, հնարավոր է՝ նաև Կառավարությունը. «Սա վախ է, որ գուցե ես կարողանամ բնակչության մեծ մասին գրավել իմ կողմը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.