Փայլուն հաղթանակներ թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ

Երկու հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում է: Ճակատագրի բերումով Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում իրար հետևից նույն ռինգում Ռուսլան Ասլիկյանն ու Արթուր Շախպազյանը մենամարտեցին թուրք ու ադրբեջանցի բռնցքամարտիկների հետ:

Առաջինը գեղեցիկ հաղթանակ տոնեց 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը առավելության հասավ թուրք Տահիր Ակոյունի նկատմաբ: Առաջին ռաունդում մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվեցին մրցակցին, բայց 2-րդ և 3-րդ ռաունդներում Ասլիկայնը փոխեց մարտավարությունն ու բեկեց մենամարտի ընթացքը: Հատկապես տպավորիչ էր մեր մարզիկի մենամարտը 3-րդ ռաունդում: Նա շատ մոտ էր նաև նոկաուտով հաղթանակի: Գերկամային հաղթանակ տոնեց նաև 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը:

Ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ մենամարտում մեր մարզիկը առաջին ռաունդում ձախ կողային ուժգին հարված բաց թողեց և մրցավարը հաշիվ բացեց: Շատերը կընկճվեին, բայց Շախպազյանը հակառակը՝ շատ արագ հասկացավ սխալն ու լսելով նաև մարզիչներին զրկեց մրցակցին ձախով հարվածներ կատարելու հնարավորությունից: 2-րդ ռաունդում նախաձեռնողի դերում արդեն հայ մարզիկն էր:

Նա ավելի շատ էր հարվածում, իսկ մրցակիցը պարզապես փախնում էր ռինգում, կամ բռնում : Արդյունքում Շախպազյանը 4:1 հաշվով շահեց ռաունդը: 3-րդ վճռորոշ ռաունդում մեր բռնցքամարտիկը ավելացրեց ճնշումը: Նա պարզապես շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին ու գերկամային ֆանտաստիկ հաղթանակ տոնեց:

Այսպիսով Հայաստանն ունի եզրափակիչի երկու մասնակից, իuկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հայրենիք կվերդառնա բրոնզե մեդալով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.