Զորամասերից մեկում մաhացու հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի մաhվան դեպքով ձերբակալվել է երկու անձ

Մարտի 16-ին հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում մահացած հայտնաբերված զինծառայող շարքային Ալբերտ Սիրոյանի գործով ձերբակալվել է երկու զինծառայող: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել են նույն գումարտակի մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող Ն. Չ.-ն եւ մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Ա.-ն:

Զինծառայող Ն. Չ.-ն կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարելու համար: (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):

Կրտսեր սերժանտ Վ. Մ.-ն կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար: (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը):

Հիշեցնենք՝ մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Իսկ մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում էլ, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում էր հայտնաբերվել ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին՝ հրազենային վիրավորումով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.