«Երբ նախկին դեսպանը ոչ միայն տգետ է, այլև համառ» կամ փողկապի «առեղծվածի» բացահայտումը․ Լուսանկարներ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Մևլյութ Չավուշողլուն։ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպումից հետո հայտնել է, որ հանդիպումը բավականին բովանդակային էր ու կառուցողական, Արարատ Միրզոյանն էլ ընդգծել է, որ Երևանը ջանքեր է գործադրելու՝ Անթալիայի հետ հարաբերությունների հաստատման համար։

Բայց արի ու տես, որ մի նախկինում դեսպան, մարզպետ և ՍԴ աշխատակազմի ղեկավար աշխատած կարկառուն ՀՀԿ-ական պատրաստ էր հանդիպման արդյունքների ամփոփումը տալ՝ ընդամենը հանդիպման ֆոտոներից մեկի վրա կես հայացք նետելով։ Հայկական դիվանագիտական, վարչատարածքային կառավարման և սահմանադրագիտական մտքի տիտան Էդգար Ղազարյանի պնդմամբ՝ փաստը, որ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Չավուշողլուն փողկապ չի կրել, արդեն իսկ ամեն ինչ ասում է։ Բնականաբար դիվանագիտական, վարչատարածքային կառավարման և սահմանադրագիտական մտքի տիտանի այս աշխարհացունց բացահայտումը լայն լուսաբանում գտավ մի շարք լրատվամիջոցներում։

Մենք, սակայն, դիմադրեցինք գայթակղությանը և հանճարի խոսքերն ուղիղ մեջբերելու փոխարեն, փորձեցինք խորանալ հարցի մեջ։ ԱԳՆ-ի Civic.am-ի աղբյուրներից տեղեկացանք, որ ֆորումը ունեցել է դրես-կոդ՝ smart casual։ Իհարկե, վստահ ենք, որ դիվանագիտական, վարչատարածքային կառավարման և սահմանադրագիտական մտքի տիտանը գիտի, բայց մեր մյուս ընթերցողների համար պիտի հստակեցնենք, որ այս դրես կոդը չի ենթադրում փողկապի պարտադիր առկայություն, սակայն վերնաշապիկը կամ պիջակը՝ պարտադիր են։

Ամբողջ ֆորումի ընթացքում մասնակիցների հրապարակած տարբեր լուսանկարներում կարելի է տեսնել, որ մասնակիցները դրանց մի մասում փողկապով են, մյուսում՝ առանց։
Օրինակ՝ Չավուշողլուն փողկապ է կրում Ֆինլանդիայի ԱԳՆ-ի հետ ու չի կրում Ավստրիայի ԱԳՆ-ի հետ հանդիպումների ժամանակի։

Արարատ Միրզոյանն էլ օրինակ փողկապով չէր նույն Ավստրիայի ԱԳՆ-ի հետ հանդիպման ժամանակ։

Ու նման իրավիճակ կարելի է հանդիպել գրեթե բոլոր smart casual դրես-կոդով ֆորումների ու կոնֆերանսների ժամանակ՝ աշխարհի բոլոր անկյուններում, սակայն այդ անկյուններում չկան նախկին դեսպաններ,

որոնք կկարողանային այդ ամենի մասով մի աշխարհացունց վերլուծություն անել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.