«Զելենսկին հազարավոր զոհեր է տալու, բայց երբեք տեղ չի գտնի Ուկրաինայի պատմության ամոթի գրքում». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գրառումը. «Զելենսկին, ով նախկինում ուներ պոպուլիստի ու ծաղրածուի իմիջ և պատերազմից առաջ մոտ 20%-ի չափ ռեյտինգ, չնայած հազարավոր զոհերին, չնայած ավերված քաղաքներին ու կորուսյալ տարածքներին, այժմ ունի լուրջ քաղաքական գործիչի համարում և 70+ ռեյտինգ։
     Նիկոլը, որ իշխանության եկավ համաժողովրդական ոգևորությամբ ու խինդով, այժմ ընկալվում է, որպես դավաճան հողատու։ Նիկոլը տվեց «ընդամենը» հինգ հազար զոհ՝ իր իսկ խոսքերով ճիշտ այնքան, որքան հարկավոր էր դավաճան չհամարվելու համար և կապիտուլյացիա ստորագրեց։ Նա հանձնեց տարածքներ, որոնք իր իսկ խոսքերով երբեք էլ հայկական չեն եղել, իսկ Զելենսկին չի համաձայնվում վաղուց արդեն հանձնված Ղրիմն ու Դոնբասը համարել ռուսական և դրա համար պատերազմում է։
     Երևի թե ոչ ոք էլ չի կասկածում, որ ռազմական առումով Ուկրաինան պարտություն է կրելու, իսկ մինչ այդ էլի հազարավոր զոհեր է տալու, բայց Զելենսկին երբեք տեղ չի գտնի Ուկրաինայի պատմության ամոթի ու խայտառակության գրքում, թեև պատերազմից հետո նա հաստատ պաշտոնանկ է արվելու։ Իսկ Նիկոլը պատերազմից հետո վերընտրվեց, բայց նրա ճակատից երբեք չի ջնջվի դավաճան հողատուի խարանը։
     Հիմա Հայաստանում շատացել են Realpolitik-ի մասնագետները, ովքեր ամեն ինչ կարողանում են ճշգրտորեն հաշվարկել սվիններով, քառակուսի կիլոմետրերով ու նավթի գներով։ Ասեմ միայն, որ Realpolitik-ը ունի ևս մի կարևորագույն բաղադրիչ, որը կոչվում է «ազգային ոգի»։ Այն դժվար է բարելներով ու մղոններով հաշվել, բայց հենց բարձր ազգային ոգու շնորհիվ էր, որ «ցուրտ ու մութ» տարիներին մենք ազատագրեցինք հայության հպարտություն Շուշին, իսկ կուշտուկոռ և «հպարտ» տարիներին հանձնեցինք այդ «գորշ ու մռայլ» քաղաքը։ Ազգային ոգու ճիշտ կառավարման շնորհիվ էր, որ պատերազմներում կործանված Գերմանիան մի երեսուն տարվա մեջ դարձավ աշխարհի հզորագույն երկրներից մեկը, իսկ նրա ոչնչացման պատճառով է, որ անգամ մեր պաշտոնական ընդդիմությունն է ալարկոտ ու ձևական ընդդիմանում «դելիմիտացիայով ու դեմարկացիայով» թուրքերին որպես դեսերտ տրվող նորանոր տարածքների ու դավաճանական «խաղաղության օրակարգին»։
     Անկախ նրանից, թե պատերազմից հետո ինչ տարածքների մեջ է մնալու Ուկրաինան (Գերմանիան, ի վերջո, վերամիավորվեց), այն շատ արագ դեն է նետելու միջազգային քաղաքականության օբյեկտի իր ներկա կարգավիճակը և դառնալու է լրջագույն պետություն։ Իսկ մենք դեռ երկար աչքներս փակ և լեզուներս կուլ տված սպասելու ենք, թե Նիկոլը ո՞ր ապագան է ընտրելու Հայաստանի համար՝ գուբերնիայի և վիլայեթի իր սարքած երկընտրանքի մեջ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.