Խրամատում ծառ ջրող զինվորը 17 օր է՝ վերակենդանացման բաժանմունքում է

Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Ալեքս Սարգսյանը:

«Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է:

Դիրքերում ծառի փոքրիկ շյուղ ջրող զինծառայողի լուսանկարը, որը տարածվեց համացանցով, այս օրերին արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, հազարավոր օգտատերեր այն տեղադրեցին իրենց էջերում ու համարեցին մերօրյա պատերազմի խորհրդանշական լուսանկարներից մեկը: ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող 26 ամյա Կարո Պողոսյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է։ Նա այժմ վիրավոր է և գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:Այդ մասին հայտնեց Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը։

«Տղաս արդեն 17 օր է վերակենդանացման բաժանմունքում է: Ուներ բազմաթիվ կոտրվածքներ, Արցախից սկզբում տեղափոխել էին Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել էին, հետո տեղափոխել այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Մեր հերոս բժիշկների շնորհիվ է միայն,որ հիմա Կարոս ապաքինվում է»,-ասում է տիկին Շողիկը:

Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։ Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս իրենց մեքենան ռմբակոծել են, Կարոն հրաշքով է փրկվել:

«Տղաս հրաշքով է փրկվել,անկեղծ ասած հետը դեռ չեմ էլ կարողացել խոսել ու հասկանալ ոնց է դեպքը տեղի ունեցել: Իր հետ նույն մեքենայում է եղել նաև հորաքրոջ տղան` Աշոցքից, ով մահացել է, բայց ինքը ոչ մի բանից տեղյակ չէ,անգամ չգիտի մյուս զինակից ընկերների մահվան մասին: Սարսափելի դեպք էր,ես այդ օրը անհանգիստ էի,մենք դեպքի մասին իմացել ենք հոկտեմբերի 20-ի երեկոյան ու շտապ հասել ենք Երևան»,-հուզված պատմում էր Կարո Պողոսյանի մայրը:

Կարոն ընտանիքի միակ արու զավակն է,ունի երեք ավագ քույրեր:Ինքն է ցանկացել ծառայության անցնել սահմանապահ զորքերում, շատ է սիրում զինվորականի գործը, արդեն հինգ տարի է ահմանապահ զորքերում է ծառայում:

Որ նրա լուսանկարը միանգամից տարածում կստանար համացանցում,չէին էլ մտածում:Այն դեպքից հետո հրապարակել է Կարոյի զինակից ընկերներից մեկը, տիկին Շողիկի համար իր տղայի նկարը համացանցում տեսնելը անսպասելի է եղել:

«Պատահական տեսա, համ լացել եմ ,համ ուրախացել,որ իմ բալես փրկվեց էդ պայթյունից:Ինչքան գիտեմ իր ընկերներն են լուսանկարել, հենց մարտական գործողությունների ժամանակ է եղել,դիրքերում:Երևի խորհրդանշական լուսանկար եղավ իմ տղայիս համար:Էն փոքրիկ ճյուղը ,որն ինքը ջրում է այդ չորացած հողում ու կյանք տալիս, հիմա իր նոր կյանքի սկիզբը դարձավ,երեխաս նորից ծվեց, ինչպես այդ փոշու մեջ ապրել ցանկացող բարակ ծառի շյուղը»,-հուզված պատմում է տիկին Շողիկը:

Որ հայտնի լուսանկարի տղան իրենց կենտրոնում բուժում ստացող զինվորականն է,գիտեն նաև բուժհաստատության բոլոր բժիշկներն ու բուժքույրերը, ճանաչել էին հերոս տղային:
«Բոլորն էլ գիտեն, որ Կարոն է այդ լուսանկարում:Այսօր խնդրեցինք բժշկին,որ իր հեռախոսը մոտեցնի տղայիս հետ խոսենք: Աղջիկս նկարի համար պատմեց Կարոյին,որ միանգամից լայն տարածում է ստացել ու շատ դրական մեկնաբանություններ են գրել մեր ժողովուրդը: Կարոս լսեց ու ասեց, թե էս այրվածքներիս ու ցավերիս մեջ նկարի ու մեկնաբանությունների ժամանակն եք գտել տնաշեններ: Հետո ժպտաց ու ասեց, որ ամեն ինչ լավ է լինելու, միևնույնն է հաղթելու ենք»,-ասում է Շողիկ Սողոյանը:

Կարո Պողոսյանը դեռ բուժման երկարատև կուրս է անցնելու,ապաքինվելուց հետո կվերադառնա տուն: Ըստ մայրիկի՝ հավանաբար ծառայությունը կշարունակի, եթե առողջական վիճակը թույլ տա»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *