«էսօր վերջին օրն ա, էսօր կռիվը կվերջանա». վերջին օրն էր ոչ թե կռվի, այլ երկու եղբայրների

Արցախյան պատերազմում՝ հանուն հայրենիքի պաշտպանության հերոսաբար ընկավ Արտավազդ Հարությունյանը: Նույն օրը զոհվեց նաև նրա հորեղբոր տղան Մանվելը:

Բարի էր Արտավազդը, կոկիկ ու մաքրասեր էր շատ: Պատրաստակամ էր բոլորին օգնելու, անգամ անծանոթ մարդկանց մեծ սիրով օգնություն էր ցուցաբերում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում պատմեց Արտավազդի կինը՝ Նինել Հովհաննիսյանը:

Արտավազդը և Նինելը դեռ 2 տարի էլ չկա, ինչ պսակադրվել են, նրանք ունեն 6 ամսական տղա երեխա: Արտավազդը շատ էր սիրում ընտանիքին և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը, իսկ իր որդին նրա համար, լրիվ այլ հպարտություն էր.

«Ամուսինս ապրում էր ներկայով: Նպատակը այն էր, որ մեր երեխային ամեն ինչով ապահովեր, որ փոքրիկը ոչնչի կարիք չունենար: Ճիշտ է, չնչին երազանք էր, բայց ինքը շատ էր ցանկանում մեր երեխային քայլակի մեջ տեսնել, բայց, ավաղ, այդպես էլ չտեսավ»,-նշեց Նինելը:

Արտավազդի և Նինելի սերը մեծ փորձությունների միջով է անցել նախքան ամուսնանալը, սակայն ինչպես նշում է Նինելը, գլխավորն այն է, որ դրանք հաղթահարել են.

«Մենք իրար ճանաչել և սիրել ենք դպրոցական տարիներից: Իմ ընտանիքը Երևանից էր, իսկ Արտավազդը ապրում էր Ճամբարակում և ծնողներս, քանի որ չէին ցանկանում, որ նրանցից հեռու գտնվեմ առանց ճանաչելու Արտավազդին դեմ էին նրան և մենք փախանք:

Երկու ամիս հետո ծնողներս հաշտվեցին իմ որոշման հետ: Ճանաչելով Արտավազդի յուրահատուկ տեսակը հիմա նրանք էլ են ափսոսում, որ ամեն ինչ այս ավարտը ունեցավ: Այդ եզակի տեսակը այլևս չկա»,— նշեց հերոսի կինը:

Նինելը ծնողներից գաղտնի բանակ ճանապարհեց իր սիրելիին և անհամբերությամբ սպասեց նրա վերադարձին: Ծառայությունը ավարտելուց հետո Արտավազդը որոշեց Ճամբարակի զորամասում շարունակել իր ծառայությունը: Նա աշխատում էր իր հորեղբոր որդու՝ Հարությունյան Մանվելի հետ, սակայն պատերազմի օրերին նրանք տարբեր դիրքերում էին հայտնվել, որը շատ կարճ տևեց.

«Սեպտեմբերի 28-ից Արտավազդը արդեն դիրքերում էր: Ամուսինս շատ էր ուզում եղբոր հետ ծառայել ու դիրքը փոխեց, որ լինեն միասին: Միշտ ասում էր՝ Մանվելը ինձ ասել է՝ ուր գնանք միշտ միասին պետք է լինենք: Ու ասածը ճիշտ եղավ, երկուսով անմահացան՝ գնացին երկինք»,— մեծ ցավով նշեց Նինելը:

Սկզբնական շրջանում հերոսը ամեն օր զանգում էր կնոջը, անգամ, օրը մի քանի անգամ.

«Ես չգիտեի, որ դիրքերում է: Ինչը, որ գիտեր կնեղացնի, ցավ կպատճառի, փորձում էր թաքցնել ինձանից: Օրեր անց նոր իմացել եմ, որ դիրքերում է: Եթե անկեղծ, ես պահի լրջությունը չեմ հասկացել ու չեմ էլ կարծել, որ մեր ընտանիքի հետ կարող է այսպիսի բան պատահել: Այդ օրերին միայն մտածում էի, որ հանկարծ չմրսի, սոված չլինի, բայց որ հնարավոր է զոհվի, երբեք մտքովս չի անցել»,— ընդգծեց հերոսի կինը:

Նինելը վերջին անգամ հետը խոսել է հոկտեմբերի 1-ին՝ երեկոյան, այդ զանգը շատ է տպավորվել նրա հիշողության մեջ.

«Ասաց հաճախ եմ զանգահարում, որ չասես՝ չեմ զանգում: Ես էլ ասացի՝ անհանգիստ եմ լինում, այդ պատճառով եմ ուզում հետդ խոսել, թեկուզ միայն ասա, որ լավ ես ու անջատի, ասաց երեխուս անպայման կհամբուրես, ձեզ լավ կնայեք; Չեմ մոռանա, որ նշեց՝ էսօր վերջին օրն ա, էսօր կռիվը կվերջանա:

Ես կարծեցի, թե այդ օրը իրենց ասել են, որ պատերազմը վերջանալու է, բայց ինչպես հետո պարզ դարձավ, տղերքին նախապես հրահանգավորել էին, որ գնում են այնպիսի տեղ, որ հնարավոր է հետդարձի ճանապարհ չլինի»,- վերհիշում է Նինելը:

Արտավազդը զոհվել է հոկտեմբերի 2-ին սակրավորական աշխատանքներ կատարելիս: Նինելը այդ օրը սովորականի պես սպասել է ամուսնու հերթական զանգին, բայց…

«Այդպես էլ չզանգեց: Ես զանգահարեցի նրան, բայց անհասանելի էր, հետո զանգահարեցի նրա հորեղբոր տղային, զանգերը գնում էին, բայց պատասխանող չկար: Հետո Արտավազդի զոհվելու մասին լուրը հասավ ինձ:

Սկզբում քույրիկս զանգահարեց հարցուփորձ արեց, որը կասկածի տեղիք տվեց ինձ, հետո ամուսնուս ընկերը զանգահարեց ու ինձանից ամուսնուս գտնվելու վայրն էր փորձում ճշտել, ու այդպես ես հասկացա արդեն՝ ինչ է կատարվում»,- պատմում է մեր զրուցակիցը:

Վերջինս ցավում է մեկ բանի համար, որ այդպես էլ չկարողացավ վերջին հրաժեշտը տալ ամուսնուն.

«Մեր ցավը եղել է այն, որ զոհված 7 հոգուց 6-ին տեսել են նրանց հարազատները, բայց մենք այդպես էլ չտեսանք Արտավազդիս: Արտավազդի եղբայրը օրեր շարունակ, տուն չգալով, եղբոր դիակն է փնտրել:

Աղբյուր՝ ԼՈՒՐԵՐ.com

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *