Էրդողանը մանդատ է խնդրել խորհրդարանից՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանի հաստատմանն է ուղարկել իր հրամանագրի նախագիծը, որով նախատեսվում է թուրք զինվորականների ուղարկել Ադրբեջան «համատեղ խաղաղապահական առաքելությանը» մասնակցելու համար:

Ինչպես փոխանցում է EADaily-ն՝ այս մասին նոյեմբերի 16-ին հայնել է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Ակնկալվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այդ նախագծի հարցը կքննարկի առաջիկա օրերին:

Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման հարցով կենտրոնի մասին, և թուրք զինվորականները մասնակցելու են «համատեղ խաղաղապահական առաքելությանը» ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ի պատասխան այդ պնդումների՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում որևէ թուրք խաղաղապահ չի լինելու:  

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *