«Մարդիկ այնտեղ կանգնած մարտնչում էին, մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշիի անառիկ ամրոցը». Սոլովյով (տեսանյութ)

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան ալիքում հեռարձակվող Соловьев Live հաղորդման ժամանակ անդրադարձել է ամրոց-բերդաքաղաք Շուշիի կորստին:

Սոլովյովը հյուրընկալել է ANNA News-ի զինթղթակից Ալեքսանդր Խարչենկոյին, որը ֆիլմ էր պատրաստել Շուշիում կռվողների մասին: «Այդ մարդիկ այնտեղ կանգնած մարտնչում էին, մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեցին, որ այդ մարդիկ գոյություն չունեն, իսկ անառիկ ամրոց Շուշին հանձնեցին»»- հաղորդման սկզբում նշել է Սոլովյովը:

«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Շուշին չի պատրաստվել պաշտպանության: Ով եղել է Շուշիում, լավ պատկերացնում է, որ քաղաքը տեղակայված է հսկա ժայռի գագաթին, այսինքն՝ երեք կողմից պաշտպանված է ժայռերով: Ցանկության դեպքում, եթե նման հրաման լիներ, հայ զինվորականները կկարողանային պաշտպանություն կազմակերպել: Սակայն, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունեցել»,- նշում է Խարչենկոն:

Վերջինս հավելել է, որ ադրբեջանական կողմին հաջողվել է կատարել Արցախը գրավելու իրենց ծրագրի միայն առաջին մասը՝ ստանալով Շուշին, սակայն չի հաջողվել գրավել Ստեփանակերտի շուրջ գտնվող 7 բարձունքները, որոնք անկոտրում պահել են աշխարհազորայինները, կամավորականները և մոբիլիզացված պահեստազորայինները:

Խարչենկոն հայտնել է, որ պրոֆեսիոնալ բանակայիններին հանդիպել է ոչ թե Շուշիում, այլ մյուս հատվածներում՝ Մարտունիում և այլ շրջաններում:

«Անառիկ ամրոցը պաշտպանում են մարդիկ, որոնք չեն ունեցել ո՛չ հնարավորություն, ո՛չ ղեկավարության ցուցումներ, և միայն անձնազոհության և հերոսության շնորհիվ են կարողացել դիմակայել լավ պատրաստված բանակին»,- շեշտել է Սոլովյովը՝ նկատելով, որ նրանց ևս հանձնել են՝ թողնելով առանց անհրաժեշտ տեխնիկայի:

«Նոյեմբերի 1-ից ես արդեն պատկերացում չունեի, որ իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել: Ես չէի տեսնում պատրաստված բանակային ուժերի, որոնք կարող էին ինչ-որ կերպ պաշտպանել Շուշին: Պայմանագրի ստորագրման նախորդ օրը Շուշիում ոչ մի պաշտպանական կառույց չենք տեսել»,- հավելել է Խարչենկոն:

«Երկու շաբաթվա պատրաստվածության արդյունքում հնարավոր կլիներ բացարձակ անառիկ ամրոց ստեղծել Շուշիում, որտեղ քաղաքային մարտերը կընթանային հավերժ»,- ասել է Սոլովյովը:

Վերջինս հավելել է, որ դավաճաններին պետք է փնտրել իշխանությունների շարքերում. «Եթե փնտրում եք դավաճանների, նայեք ձեր իշխանություններին: Ռուսները կարող են կռվել Հայաստանի համար, եթե Թուրքիան, Ադրբեջանը կամ ցանկացած երկիր հարձակվեր Հայաստանի դեմ: Մենք դաշնակցային հարաբերություններ ունենք, սակայն ինչո՞ւ հայկական իշխանություններն Արցախում չէին, ինչո՞ւ ողջ հայությունն Արցախում չէր: Իսկ Փաշինյանն ավելին պետք է աներ, նա քաղաքական ղեկավար է»: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed