Ամեն ինչ պետք է անենք, որ այս դժվար փորձությունը դառնա ապագայի կարևոր անկյունաքար. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմեց ժողովրդին՝ բացատրելով, թե ինչու ստիպված եղավ ստորագրել, ինչպես ինքն է բնորոշում, «տխրահռչակ փաստաթուղթը»։

Նրա խոսքով՝ հակառակորդը հասել էր թիկունքին՝ Շուշիին ու Ստեփանակերտին. «Այս քաղաքները պատերազմի ժամանակ թիկունք էին, պաշտպանական կառույցներ չունեին, իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո, ՊԲ-ի մի քանի պաշտպանական շրջաններ կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր ավելի քան 20 հազար զինվորներ կհայտնվեին վտանգի առջև»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պայմաններում անխուսափելի կլիներ Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների անկումը։

Վարչապետը պարզաբանեց, որ այն պահին, երբ հասկացան, որ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվեր հանուն հայրենիքի, այլ հայրենիքը գնար զոհաբերության հանուն զինվորի։

«Այս տրամաբանությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի տխրահռչակ փաստաթուղթն ու ստորագրելուց հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը մեծ է, ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքն ավելի կարևոր էր, կարծում եմ՝ նաև ձեզ համար»։

Այդ զինվորներն, ըստ գործադիրի ղեկավարի, թիկունքում ստեղծվող իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին։

«Եկել էր հրամանատարի ժամանականը, հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը, եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների»,- նշեց Փաշինյանը՝ պարզաբանելով, որ այդ իրավիճակում ժամերի ընթացքում էր պետք որոշում կայացնել, հակառակ դեպքում կսկսվեր մի գործընթաց, որը կարող էր ավարտվել 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ։

Նա նաև անդրադարձավ հրաժարականի հարցին. «Իսկ ինչո՞ւ հրաժարական չտվեցի այդ թուղթը չստորագրելու համար, որովհետև դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային պարտականություն կատարելու հարցը թողել մեկ ուրիշի ուսերին»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ղարաբաղի հարցը հիմա էլ լուծված չէ։ Հաջորդ հարցը, որ առաջանում է, ըստ նրա, հետևյալն է՝ ինչու այսպիսի պայմաններում զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի մեկնարկին կամ մի փոքր ուշ. «Սրա համար պետք էր մի քանի բան․ պետք էր առանց մարտի հանձնել յոթ շրջանը, նաև՝ Շուշին, նաև մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկում մտցնել»,- ասաց Փաշինյանը։ Ըստ նրա՝ այդ էր պատճառը, որ ինքը և Արցախի նախագահը պարբերաբար հանդես էին գալիս զինվորագրվելու կոչերով։

Փաշինյանը նաև անդրադարձավ բուն փաստաթղթի բովանդակությանը, ասաց՝ այն իսկապես վատն է մեզ համար, բայց չպետք է այն ավելի վատացնել, քան կա իրականում. 

«Մասնավորապես, լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակապես անհեթեթություն է, ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տարվող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի հետ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այն էական նշանակություն կարող է ունենալ մեր տնտեսության համար։

Ինչ վերաբերում է Արցախի իշխանության ներքո գտնվող տարածքներին, ապա ըստ Փաշինյանի, ՌԴ-ի խաղաղապահների շնորհիվ Լաչինի միջանցքը՝ Գորիսից Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում՝ նաև Շուշիի հատվածում, ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգ ճանապարհ ամբողջ տարածքում։

Նա նաև կոչ արեց խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող տարածքների բնակիչներին հնարավորինս վերադառնալ իրենց բնակավայր։

Ասաց նաև, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն. «Դրա համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ»։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում այս պահին առաջնային է երկրում կայունության և անվտանգության մթնոլորտի վերականգնումը։

«Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, բայց կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն»։

«Տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ և ոչ թե բանակի զարգացման գործին»,- նշեց վարչապետը։

Ըստ նրա՝ մեր երկիրն ունի ապագա և ամեն ինչ պետք է անենք, որ մեր այս դժվար փորձությունը դառնա այդ ապագայի կարևոր անկյունաքար։

«Մենք պետք է դասեր քաղենք։ Շատերը կհարցնեն, թե արդյոք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին։ Այո, որովհետև այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որ 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաների են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed