Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներով պայմանավորված կողմերն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությունը դրա բոլոր դրսևորումներով:

«Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն ու լուրջ մտահոգություն հայտնել հակամարտության գոտում լայնամասշտաբ մարտական գործողությունների շարունակմամբ, ինչպես նաև հակամարտությանն ավելի ու ավելի շատ ծայրահեղականների ակտիվ ներգրավմամբ Սիրիայից և Լիբիայից: Վլադիմիր Պուտինը մանրամասն տեղեկացրել է Էմմանուել Մակրոնին Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են հրադադարի շուտափույթ հաստատմանը և բանակցությունների վերականգնմանը, որոնք կոչված են քաղաքական-դիվանագիտական լուծում գտնելուն:

Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *