Արցախում զոհված Վաղարշակը 3 շաբաթ շրջափակման մեջ է եղել, սակայն իր հետ եղած 5 տղաներին կարողացել է անվտանգ դուրս բերել այնտեղից

Արցախում զոհված Վաղարշակը 3 շաբաթ շրջափակման մեջ է եղել, սակայն իր հետ եղած 5 տղաներին կարողացել է անվտանգ դուրս բերել այնտեղից

168.am-ը գրում է․ Արցախում զոհված Վաղարշակ Սերյոժայի Գալստյանը դեկտեմբերի 14-ին կդառնար 31 տարեկան:

Հարազատները 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ նա ամուսնացած էր, ունի 7 տարեկան որդի: Պատերազմի լուրն իմանալուն պես ընկերոջ հետ շտապել էր Արցախ, սակայն այնտեղ թույլ չէին տվել դիրքեր բարձրանալ, ասել էին՝ ամենամեծ օգնությունն այդ պահին այն կլինի, որ արցախցի երեխաներին տեղափոխեն Հայաստան:

«Սեպտեմբերի 28-ին երեխաներին բերեցին Երևան, զինկոմիսարիատում գրանցվեց, 2 ժամ հետո գնաց Ղարաբաղ, ու մինչև վերջ… Գյուղի տղաներից եղան մարդիկ, որ ընթացքում եկան, էլի գնացին, բայց ինքը չեկավ, մինչև վերջին պահը մնացել ու պայքարել է:

Այդքան իր տղան էլ խնդրեց, բոլորս էլ, ամեն զանգին ասում էինք, որ գոնե 1 օրով գա տուն, բայց չեկավ»,- պատմեց Վաղարշակի եղբոր կինը՝ Մարիան:

Վաղարշակ Գալստյան

Վաղարշակի եղբայրը՝ Գևորգը, մեզ հետ զրույցում պատմեց, որ եղբայրը 3 շաբաթ շրջափակման մեջ է գտնվել, սակայն իր հետ եղած 5 տղաներին կարողացել է անվտանգ դուրս բերել այնտեղից.

«21 օր Հադրութ քաղաքում շրջափակման մեջ է եղել, 21-րդ օրը 5-ին էլ հանել է: Ոչ մեկին չի ասել, որ շրջափակման մեջ են, հանել է դուրս, նոր ասել է: Հետո իրենց խաբել, ուղարկել է Հայաստան, ասել է, թե գնում է լողանա, որ ինքն էլ հետևներից գա, բայց իրեն կապ են տալիս, գնում է Մարտունի, կռիվ է լինում այնտեղ. մի զինվորի կյանք է փրկում, այդ զինվորի՝ Վահեի կյանքի համար հիմա մենք պայքարում ենք, հիվանդանոցում է, գիտակցության է եկել, աչքերը բացել է ու միայն ասում է՝ Վաղոյին բերեք, Վաղոյին բերեք:

Վաղարշակ Գալստյան

Այս երեխուն ինքն իր ձեռքերով է տարել, կազմակերպել և ուղարկել Հայաստան»։  Դրանից հետո փորձել են նորից կապ հաստատել Վաղարշակի հետ, պատմում է եղբայրը,  որպեսզի նորից իջնի դիրքեր՝ զոհվածներ, վիրավորներ փրկելու, դրա մասին արդեն հետո պատմել է տեղի շտապօգնության մեքենայի վարորդը:

«Պատմեց, որ վերջին զինվորին ախպերս հանել է, դրել շտապօգնության մեքենան, ու հենց մեքենան շարժվել է, և  եղբայրս ու իր հրամանատարն էլ  պետք է նստեին իրենց մեքենան՝ շարժվեին, այդ ժամանակ շտապօգնության մեքենայի վարորդը հայելիով տեսել է, որ սնարյադն ընկնում է վիլիսի վրա… Շտապօգնության մեքենան չի գնացել… և հենց  նույն այդ մեքենայով Վաղարշակին՝ արդեն մահացած, տեղափոխել են»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *