Գիտենք, Թե Որ Գեներալի Հրամանով Է Զորամասը Թողնվել Հակառակորդին. Նիկոլ Փաշինյան

Գիտենք, թե որ գեներալի հրամանով է զորամասը թողնվել հակառակորդին. Նիկոլ Փաշինյան: «Վերջին շրջանում շատ հանդիպումներ եմ ունենում զոհված զինվորների, անհետ կորած զինվորների, գերեվարված զինվորների հարազատների հետ, և նրանք դրվագներ են պատմում, որոնք իսկապես պետք է արժանանան լրջագույն քննության:

Երեկ, օրինակ, այդպիսի մի հանդիպում ավարտվել է նրանով, որ զինվորների հարազատները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, և Քննչական կոմիտեի ներկայացուցիչները այդ հաղորդումը պետք է ընդունեին, և սկսվեր քննություն:

Եվ կան նաև հրապարակային վկայություններ այն մասին, որ պատերազմի ընթացքում ինչ-որ մարդիկ շրջել են զորքերով և ասել են, որ կռվելն իմաստ չունի, որովհետև հողերը հանձնված են, հողերը վաճառված են»,- Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս բոլոր երևույթները պետք է արժանանան քննության և արժանանում են քննության: Այլ բան, որ հիմա, էլի եմ ասում, շատ մեծ ուժեր են կենտրոնացած, այդ թվում՝ Քննչական մարմինների, անհայտ կորած զինվորների, զոհված զինվորների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:

Եվ ես լիարժեք կիսում եմ այն կարծիքը, որ այս ամբողջ պատմությունը պետք է համապարփակ քննության ենթարկվի, և հանրությունը պետք է ունենա ամբողջական պատասխաններ: Եվ, իմիջիայլոց, ես նաև այդպիսի կասկածներ ունեմ, որ ոմանք փորձում են պրոցեսները զարգացնել այն ուղղությամբ, որ որոշ ճշմարտություններ բացահայտելու և հանրության համար պարզաբանելու հնարավորություն ընդհանրապես չլինի: Սա նույնպես շատ կարևոր նրբերանգ է»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք կա՞ն բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր հիմա մեղադրվում են դավաճանության մեջ՝ գեներալներ, բանակի ներկայացուցիչներ, գուցե ոչ զինվորական, բայց այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Փաշինյանը պատասխանել է․.

«Արդեն խոսվել է նրա մասին, որ եղել են դեպքեր, երբ հրաման, առաջադրանք չի կատարվել, և այդ առաջադրանքի չկատարումը՝ կոնկրետ ուղղությամբ, կոնկրետ օրը, կոնկրետ օպերացիայի ժամանակ, ճակատագրական նշանակություն է ունեցել պատերազմի հետագա ողջ ընթացքի համար:

Եվ երեկ, օրինակ, իմ նշած հաղորդման մեջ, որ անհետ կորածների հարազատները ներկայացնում էին, այո, շոշափվում է նաև գեներալի անուն-ազգանուն: Եվ այլ դրվագով նույնպես այդ նույն գեներալի անուն-ազգանունը շոշափվում է: Բայց ես պնդում չեմ անի, որովհետև հանգամանքները պետք է պարզվեն»։

Ըստ նրա՝ համացանցում թերևս տեսել են այն դրվագը, երբ զորամաս է անցնում ադրբեջանցիների վերահսկողության տակ, և այդ զորամասում մենք տեսնում ենք՝ տանկերը կանգնած են, արկղերը տեղում են, զենք-զինամթերքը տեղում է, բայց զինվորներ չկան: Այս դրվագը պետք է պարզաբանվի, թե ոնց է պատահել:

«Ուրիշ բան, երբ մարտ է տեղի ունենում, և մարտի արդյունքում կարող է լինել ինչպես հաղթանակ, այնպես էլ պարտություն: Բայց ինչպե՞ս է պատահում, որ անվնաս զորամասն անցնում է հակառակորդին: Ընդ որում՝ տանկերը կանգնած, հրանոթները կանգնած, ֆագոտները տեղում, զենք- զինամթերքը տեղում: Սա հարց է, որի պատասխանը պետք է տրվի, չէ՞:

Այս դրվագի տակ չի կարող ինչ-որ մի սխալ տեղի չունենալ: Ես ձեզ կարող եմ մի բան 100 տոկոսով հավաստիացնել՝ որևէ մեկն այդպիսի հրաման չի տվել, որ զորամասը զենք-զինամթերքով թողեք հակառակորդին: Բայց ո՞վ է թողել: Ինչ-որ մեկը որոշում կայացրել է, չէ՞: Մենք գիտենք՝ ով է այդ ինչ-որ մեկը: Եվ այդ դրվագով պետք է տեղի ունենա քննություն:

Այդ դրվագի քննությունն ինչի՞ կբերի, և հանցանքը կամ արարքն ինչպե՞ս կորակվի՝ պետական դավաճանություն, չգիտեմ, զինվորական երդման խախտում, ի՞նչ կոնկրետ որակում կստանա, դա ուրիշ հարց է, բայց այդ տեսարանն ակնհայտ է: Եվ այսպիսի տեսարաններ էլի կան»,- ասել է նա։

axbyur`https://live49media.com/%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a9%d5%a5-%d5%b8%d6%80-%d5%a3%d5%a5%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%b0%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d5%be-%d5%a7-%d5%a6%d5%b8%d6%80%d5%a1%d5%b4/?fbclid=IwAR3w1w2LN-p8Y5xCDGnMLYm7ZvkJWKCBsDhAmyb-nqt00lLelIeNYEStHeY

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *