Որտե՞ղ պետք է ապաստանեն երևանաբնակները տագնապ ազդանշանի պարագայում.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 26-ից ղարաբաղաադրբեջանական սահմանին սկսված պատերազմից եւ Հայաստանի Կոտայքի մարզում անօդաչու թռչող սարքի խոցումից հետո բոլորը կրկին հիշեցին Երեւանում շենքերի նկուղների ոչ բարենպաստ լինելը: Բանն այն է, որ օդային տագնապի դեպքում խորհուրդ է տրվում թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում, սակայն հատկապես վերջիններս չեն գտնվում պատշաճ վիճակում: Ընդ որում, այդ հարցն ակտուալ էր դարձել նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, ապա նաեւ 2018 թվականին, երբ Հայաստանում անցկացվում էին «Շանթ-2018» զորավարժությունները, եւ խնդիր էր դրված նաեւ մաքրել շենքերի նկուղները:

Սակայն այսօր պատերազմից չորս եւ զորավարժություններից երկու տարի անց ականատես ենք լինում, որ շենքերի նկուղները հիմնականում քանդված, անմխիթար վիճակում են կամ էլ, առհասարակ, չկան, վերածվել են որեւէ ընկերության պահեստի: Եվ ստացվում է՝ պատերազմական իրավիճակում եթե անհրաժեշտ լինի պատսպարվել, պարզվելու է, որ դրա համար համապատասխան վայր չկա: Ավելին, վերջին օրերին շենքերի մուտքերում տեսնում ենք փակցված պաստառներ, թե օդային տագնապի պարագայում որտեղ պետք է թաքնվել: Սակայն արդյոք ունե՞նք այդքան ապաստարաններ, եւ, որ գլխավորն է, ի՞նչ վիճակում են գտնվում շենքերի նկուղները, ինչո՞ւ դրանք չեն մաքրվում:

«Ժողովուրդ» օրաթերթը, դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ նշել, որ քաղաքացիներն ահազանգում են՝ իրենց շենքերի նկուղները լցված են կոյուղաջրերով, գարշահոտությամբ, առնետներով, աղբով: Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ կոնկրետ ինչ է անում քաղաքապետարանն այս խնդրի կարգավորման ուղղությամբ, որտեղ են ապաստանելու քաղաքացիները օդային տագնապների ժամանակ, երբ են, ի վերջո, մաքրվելու շենքերի նկուղները կոյուղաջրերից, առնետներից, աղբից:

Սակայն, ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստանում ենք այսպիսի պատասխան. «Համայնքը համապատասխան գերատեսչությունների հետ միասին իրականացնում է քաղպաշտպանությանը վերաբերող անհրաժեշտ միջոցառումները: Ելնելով իրավիճակից ու անհրաժեշտությունից՝ հանրությունն իրազեկվում է»: Այսինքն, հերթական ոչինչ չասող պատասխանը, իսկ նկուղների վիճակը շարունակում է անմխիթար մնալ: Եվ անհասկանալի է, թե որտեղ պետք է ապաստանեն երեւանաբնակները տագնապ ազդանշանի պարագայում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *