«Խաղաղությունը կյանքի գին արժե»․ հայրենիքի համար զոհված կապիտան Հայկ Ալեքսանյանի խոսքերն են

«Խաղաղությունը կյանքի գին արժե: Ապրիլյան այն դաժան օրերին հարազատ, մտերիմ ընկերներ կորցրի՝ մեր կուրսի տղաներից զոհվեցին՝ Մերուժան Ստեփանյանը, Բենիամին Եղոյանը…»․ հրետանավոր Հայկ Ալեքսանյանի հարցազրույցից մի հատված է, երբ դեռ ավագ լեյտենանտ էր։

Ավաղ, օրեր առաջ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում, խաաղությունն ապահովելու համար զոհվել է նաև ինքը՝ արդեն կապիտան, Հայկ Սամվելի Ալեքսանյանը։ 

Նրա նշանածը՝ Լիլիթ Մեժլումյանը, Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 27-ին Արցախում ընթացող կռվի ժամանակ Հայկը 3 դիրք է ղեկավարել, օրեր շարունակ մեծ կորուստներ է պատճառել թշնամուն և հետ շպրտել։

«1991 թիվ էր… 29 տարեկան։ Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Համալսարանը ավարտել է 2013թ.-ին և 7 տարի շարունակ ու մինչև իր կյանքի վերջ ծառայեց հայրենիքին։ Ջաբրաիլի ամենադժվար դիրքերն է օրեր շարունակ ղեկավարել։ Թույլ չի տվել իրենց նպատակին հասնի թշնամին»,-ասաց նա։

Լիլիթ Ալեքսանյանը ցույց է տալիս նաև սիրելիի աշխատանքի արդյունքը՝ թշնամու ոչնչացված տեխնիկան և ոչ միայն։

«Այստեղ Հայկի աշխատանքի մի մասն է»,-նշում է նա։

2017 թվականին տված հարցազրույցում Հայկ Ալեքսանյանը նշել է․ «Ամեն ինչի հիմքում հարգանքն ու վստահություն են: Հաճախ եմ զրուցում զինվորների հետ, անկեղծ ու անմիջական զրույցներով փորձում հասկանալ նրանց հուզող խնդիրները, մտահոգությունները, հարկ եղած դեպքում, հնարավորության սահմաններում աջակցել: Աշխատում եմ ընկերական, մտերմիկ մթնոլորտ ստեղծել: Զինվորի ոգին պետք է բարձր պահել, մի բան հաստատ է՝ ինչքան էլ ժամանակակից տեխնիկայով զինված լինենք, միևնույն է, վճռորոշը մարդկային գործոնն է. ամենասովորական կոճակն անգամ սեղմելու համար ոգին տեղը պետք է լինի»։

Նրա մահվան մասին լուրն իմանալով իր տարբեր տարիների զինվորները մեկնաբանություններ են թողել՝ նշելով․ «Քո խորհուրդների, գիտելիքների շնորհիվ մեր դասակը միշտ փայլուն կատարում էր իր առջև դրված խնդիրը, միշտ հիշում ենք քեզ․․․», «Գերազանց գիտելիքների տեր հրետանավոր Ալեքսանյան ջան, հազար ափսոս», «Քո պես մարդիկ վերացող տեսակի են․ պինդ հայրենասեր, կարդացած, կրթված, ազգին նվիրյալ։ Շատ քչերը կան, որ քո պես ատմություն գիտեին ու կերտեցին», «Կորուստը մեծ է․ կրթված խելացի, նպատակասլաց ու հայրենասեր, ով դեռ երկար ճանապարհ ուներ անցնելու ու իր գիտելիքներով կիսվելու կրտսեր սերնդի հետ։ Չեմ կարող մոռանալ քո հոգատարությունը, որը դու ցույց էիր տալիս ցանկացածզինծառայողի, քո պատրաստակամությունը՝ մարդկանց օգնելու գործում ու քո ամեն ինչ ասող ժպիտը։ Ալեքսանյան ջան, ես քեզ միշտ հիշելու եմորպես հերոս, ով մինչև իր կյանքի վերջը պայքարել է իր հայրենիքի համար»։

Կապիտան Ալեքսանյանն առավել շատ սիրում էր հայ մեծերի ստեղծագործությունները՝ Սևակ, Բակունց, Չարենց… «Զինվորներին էլ եմ խորհուրդ տալիս ընթերցանությամբ զբաղվել, եթե ֆիզիկական վարժությունները մարզում են մկանները, ապա գիրքը, ընթերցանությունն էլ մարզում է միտքը, հղկում հոգին: Նժդեհ եմ շատ սիրում կարդալ՝ հանճարեղ, հզոր մտքեր են, ժամանակի մեջ իմաստ ու նշանակություն չկորցրած, խորհելու առիթ են տալիս: Նժդեհի խոսքերից մեկն իմ կարգախոսն է. «Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված եւ Հայրենիք: Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաեւ իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, Պետություն»,-նշել էր ՀայԶինվորին տված իր հարցազրուցում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *