Հիմա Սերժի Վաչոյի ու նրա կնոջ տառապելու հերթն է. 5 տարի աշխատել եմ Վաչոյի հետ. հերթով ամեն ինչ ջրի երես եմ հանելու

Պատերազմից առաջ մենք գրել էինք, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Մեր հրապարակումից հետո եղավ նաև պաշտոնական հաղորդագրություն, որում, ըստ էության, ամբողջությամբ հաստատվեցին մեր տեղեկությունները։ Ավելի ուշ մենք տեղեկացանք, որ այդ քրեական գործը հարուցվել է Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում երկար տարիներ հաշվապահ աշխատած Սուսաննա Արիստակեսյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն է հաղորդում ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը և տեղեկացրել, որ տարիներ շարունակ ՊՊԾ աշխատակից Սեյրանը կցված է եղել Վաչագան Ղազարյանի կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին, աշխատել է որպես Ռուզաննա Բեգլարյանի վարորդ:

«Ես եմ ՀՔԾ-ում հաղորդում ներկայացրել և ունեմ բոլոր հիմքերը, որտեղ Սեյրանը, ով եղել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակից, կցված է եղել Ռուզաննա Բեգլարյանին, և տարիներ շարունակ Վաչոն, Ռուզանը, որպեսզի իրենց գրպանից գումար չծախսեն ու վարորդ չվարձեն, պետության միջոցներով իրենց համար վարորդ են պահել։ Բացի դրանից, «Յանս» ռեստորանում ամեն երեկո երկու ԱԱԾ աշխատակից հսկել են ռեստորանի անվտանգությունը։ Այսինքն՝ 6 աշխատող ամեն օր հերթափոխով իրականացրել են ռեստորանի անվտանգության հսկողությունը, և դա այն պայմաններում, որ ԱԱԾ-ն չունի ոչ «Սելենա» ՍՊԸ-ի, ոչ էլ «Արմեն» ՍՊԸ-ի հետ կնքած որևէ պայմանագիր, որ այդ աշխատակիցները իրավունք ունեին հսկելու «Յանսը»։ Ես պնդում եմ, որ այդ աշխատողների միջոցով նույնպես Սերժի Վաչոն վատնել է պետության գումարները։ Եվ հիմա իբր խոսվում է, որ նա վնասը փոխհատուցել է, բայց դա միայն վարորդի մասով պատճառված վնասն է, և ոչ ոք չի խոսում անվտանգության աշխատողների մասին։ Ես ամեն ամիս Վաչագան Ղազարյանի կարգադրությամբ «Յանս»-ի դրամարկղից 300 հազար դրամ եմ տվել Կարեն Պողոսյանին, որը կատարում էր Վաչոյի կարգադրությունները։ Բնականաբար, այդ գումարները մուտք չեն եղել ԱԱԾ դրամարկղ, ոչ էլ, ինչպես արդեն նշեցի, չի եղել պայմանագիր։ Բայց ես մի բան եմ հասկանում, որ եթե ԱԱԾ աշխատակիցը համատեղությամբ ինչ-որ տեղ է աշխատում, ապա դա օրենքով պետք է լինի»,- ասաց Սուսաննա Արիստակեսյանը:

Նա հավելեց, որ իր կողմից ՀՔԾ ներկայացված հաղորդումից հետո մոտ 3 ամիս ոչ մի արձագանք չի եղել, քննություն չի եղել, բայց վերջապես օրերս քրեական գործ հարուցվեց. «Ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում էլ թերևս ուզում էին ծածկադմփոց անել։ Սասուն Խաչատրյանը մնացած գործերի պես իմ այս հաղորդումն էլ էր ծալել ու դրել իր աթոռի վրա ու պինդ նստել վրան։ Այն կարգի էին նստել, որ Վաչագան Ղազարյանը, հասկանալով, որ իրեն վտանգ է սպառնում, ցանկանում էր լքել Հայաստանը, բայց նրան ինքնաթիռից իջեցրել են»,- ասաց մեր զրուցակիցը

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում էր նաև Սուսաննա Արիստակեսյանից շորթում կատարելու համար։ Սակայն 2020-ի փետրվարին շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։

«Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը 2017թ. հաղորդում էր ներկայացրել ակումբի գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի դեմ՝ պնդելով, թե վերջինս ակումբից հափշտակել է 25 միլիոն դրամ: Դեպքի առթիվ հարուցված քրգործով Արիստակեսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի յուրացման համար: Մեկ տարի անց՝ 2018 թ. հեղափոխությունից հետո, հաղորդում էր ներկայացրել նաև Արիստակեսյանը՝ հայտարարելով, որ նույն Սերգեյ Կարապետյանը, Վաչագան Ղազարյանն ու նրա կինը իրենից գումար են շորթել: Ընդ որում, Արիստակեսյանը նշել էր, որ իրենից պահանջել են այդ ենթադրյալ վնասից շատ ավելին՝ 40 միլիոն դրամ, ինչը ինքը վճարել է սպառնալիքների ներքո: Արիստակեսյանը բավարար ապացույցներ էր ներկայացրել շորթման փաստը հիմնավորող, սակայն այդ դրվագով գործը կարճվեց։

Սուսաննա Արիստակեսյանն ասաց, որ ի սկզբանե գործը եղել է պատվեր, ու մինչ օրս էլ շարունակվում է այդ պատվերը. «Ես 3 տարի անընդմեջ պահանջում եմ իբր իմ կողմից հափշտակված 25 միլիոնի հիմքերը։ Սակայն ոչ մի քննիչ ինձ այդ հիմքերը չտվեց։ ՀՔԾ քննիչ Արտյոմ Ղազարյանը, սակայն, տվել է ինձ դրանք, և ես հիմա իմ ձեռքի տակ ունեմ այդ 25 միլիոնի հիմքերը։ Ինչ է կատարվել։ Սերժի Վաչոն, իր կինը այնքան վստահ են եղել իրենց վրա, որ 25 միլիոնի հիմքերը լրիվ չեն սարքել։ Իմ պահանջից հետո ես նստել հաշվել եմ, որ դրա տակ դրված է 12.5 միլիոն դրամի հիմք՝ այն էլ կեղծիքով։ Որպես ապացույց դրված են թղթեր, որոնց վրա չկա ընկերության անուն, չկա կնիք, չկա ստորագրություն, չկա տնօրենի անուն։ Հիմքում առկա է ապրանքի մնացորդ, ապրանքի պակասորդ չկա, դրամարկղից գումար չի պակասել, բայց դրա հետևանքով ես կորցրել եմ ամեն ինչ, ինձ ստիպել են վաճառել իմ տունը, որպեսզի ես դրանցից պրծնեմ։ Շանտաժի ու սպառնալիքի արդյունքում ես վաճառել եմ իմ բնակարանը ու տվել եմ նրանց որպես փրկագին, այլ ոչ թե նրա համար, որ ես հափշտակում եմ կատարել»,- ասաց Արիստակեսյանը։

Շորթման մասով գործը կարճելուց հետո բուն գործով քննությունը իբր շարունակվում է։ Մոտ մեկ տարի է՝ փորձաքննություն էր նշանակված։ Փորձաքննության էին ենթարկվում Վաչագան Ղազարյանի բնակարանից հայտնաբերված համակարգչային 4 կոշտ սկավառակները։ Սուսաննա Արիստակեսյանն ասաց, որ մոտ մեկ տարի անց քննիչը փորձագետների մոտից հետ է կանչել գործը, և ներկայում գործում չկա փորձագիտական եզրակացություն. «Ես պնդում եմ, որ առաջին փորձաքննությունը, որի հիմքերը տվել էր Սերգեյ Կարապետյանը ծրագրավորող Արմեն Կարապետյանի կողմից, կեղծված էր։ Կեղծիքի արդյունքում իրենք վիրտուալ վնասներ էին առաջացրել, որը մինչ այդ պահն ապացուցված չէ։ Ես փորձագետներին ապացուցել եմ, որ իմ համակարգչում առանց իմ գիտության արվել է միջամտություն, արվել են բոլոր կեղծիքները։ Ես ապացուցել եմ, որ կրիչները կեղծված են եղել, որի արդյունքում առաջացել էր 500 միլիոնի վնաս։ Իսկ հիմա քննիչը գնացել ու փորձագետներից հետ է պահանջել գործը, քանի որ վստահ են եղել, որ կեղծիքը բացահայտվելու է։ Այլապես ոչ մի բացատրություն չկա, թե ինչու է քննիչը փորձագետներից առանց եզրակացության գործը հետ վերցրել»,- ասաց Արիստակեսյանը։

Սուսաննա Արիստակեսյանը պնդում է նաև, որ իրավապահները պարտավոր են Վաչագան Ղազարյանից ու նրա կնոջից հետ վերցնել իրենից շորթված 40 միլիոն դրամը ու դեպոզիտացնել մինչև դատարանի կողմից իր մեղքի ապացուցվելը։ Եվ սա այն պարագայում, որ հայցի առարկան եղել է 25 միլիոն դրամ, իսկ Վաչագան Ղազարյանն ու իր կինը Արիստակեսյանից պահանջել ու ստացել են 40 միլիոն դրամ. «Բայց քանի որ այսօր ոչ մի քննչական մարմին իր տեղում չի, ոչ մի քննչական մարմին չի աշխատում, դրա համար էլ 3.5 տարի է՝ այս գործը շարունակվում է։ Հիմա նոր դատախազ է եղել, 9 հատորանի գործը պահանջել է ու ուսումնասիրում է, բայց Վաչոն թող իմանա, որ ես երբեք ու երբեք չեմ լռելու։ Ինչ որ Վաչոն իր կնոջ հետ արել է իմ ընտանիքի գլխին, նույնն էլ ես անելու եմ իր գլխին։ Նա իմ ընտանիքի պես տառապելու է, բայց ես իրենց պես ոչ թե սարքելու եմ գործերը, այլ ճիշտ, փաստարկված տվյալներ եմ ներկայացնելու քննչական մարմիններին, բոլորը օրենքի սահմաններում։ Ես հերթով ասելու եմ այն ամենը, ինչ նա արել է։ Եթե Սասուն Խաչատրյանը այս մի գործն էլ փակի, ես հաջորդ գործի համար հաղորդում եմ տալու։ Ես 5 տարի աշխատել եմ Վաչոյի հետ, ու պատկերացրեք, թե ես ինչեր գիտեմ։ Ես հերթով ամեն ինչ ջրի երես եմ հանելու։ Եթե 3.5 տարի իմ ընտանիքն է տառապել նրանց ձեռքը, հիմա էլ տառապելու իրենց հերթն է»,- ընդգծեց Սուսաննա Արիստակեսյանը։

Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց, որ առ այսօր էլ Վաչագան Ղազարյանի ձեռքերը հասնում են ամենուր՝ և՛ քննչական մարմիններ, և՛ այլ հաստատություններ։ Մասնավորապես, Արիստակեսյանն ասաց, որ լինելով փորձառու հաշվապահ՝ որտեղ փորձում է աշխատանքի տեղավորվել, կարճ ժամանակ անց իրեն առանց պատճառաբանության հրաժարվում են աշխատանքի ընդունել։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունում Վաչագան Ղազարյանի վերաբերյալ այլ քրեական գործեր էլ էին քննվում։ Ղազարյանը և իր կինը մեղադրվում էին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: ՀՔԾ-ն այն ժամանակ հայտարարել էր, թե ամուսիններ Վաչագան Ղազարյանն ու Ռուզաննա Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը և 2013-2018թթ. մայիսն ընկած ժամանակահատվածում խուսափել են ավելի քան 771 մլն դրամի հարկերից։ Ըստ ՀՔԾ-ի՝ ամուսինները, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանք որպես ավանդ ներդրել են հայաստանյան բանկերում և տոկոսագումարներով եկամուտներ են ստացել, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել:

Ղազարյանը ձերբակալվել էր 2018-ի հունիսին՝ Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկ»-ի մուտքի մոտից, ապա կալանավորվել էր։ Սակայն նա կալանքի տակ երկար չմնաց։ Առաջին անգամ ազատ արձակվեց 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Երկրորդ անգամ կալանավորվելուց հետո ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավի դիմաց։ Իսկ այս տարվա փետրվարին նույն ՀՔԾ-ն, տարիուկես տևած նախաքննությունից հետո, կարճեց Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։ Ղազարյանը, որպես չվճարած հարկ, պետությանն էր վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։ Իսկ ապօրինի հարստացման մասով քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։

Ազբյուր https://www.1in.am/2853578.html?fbclid=IwAR1gEB8vBgdmrhw52C8GHxEua7xDfWroVc9gz73kVuwpuJxpB9AbTl7Rf4w

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *