«Այս շաբաթ կմեկնեմ Երևան Հայաստանի և Արցախի հետ լինելու համար». Դանիել Դեքեր

Պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր Դանիել Դեքերը, ով այս օրերին Արցախի և Հայաստանի մասին ակտիվ հրապարակումներ է անում Ֆեյսբուքի իր էջում, գրառում է արել և հայտնել, որ պատրաստվում է գալ Հայաստան:
«Այս շաբաթ կմեկնեմ Երևան Հայաստանի և Արցախի հետ լինելու համար»,-գրել է նա:
Ավելի վաղ Դանիելը հայտնել էր Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության մասին, կիսվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի տեսանյութով` գրելով, որ նախագահը հերոս ղեկավար է: Նա նաև տեղադրել էր զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարն ու գրել, որ նա հանուն ազատ Արցախի է զոհել կյանքը: Դանիելը նաև կոչ էր արել միջազգային հանրությանը խոսել, կանգնել ճշմարտության կողքին:
Հիշեցնենք, որ Դանիել Դեքերը 2015 թվականին Հայաստանի քաղաքացիություն է ստացել: 2016-ին թողարկել է «Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը` համագործակցելով Քրիստինե Պեպելյանի, Շուշան Պետորսյանի, Լեյլա Սարիբեկյանի հետ: 2017 թվականին «Իմ Արցախ» նախագծի շրջանակում Դանիելը համերգով հանդես է եկել Շուշիում:
