«Մեր դուխավիկ Մխոն վազել է երկու ընկերներին օգնության և զոհվել». ուսուցիչը զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մասին

Երբ լսում ես աշակերտիդ նահատակվելու բոթը, դա ուղղակի սարսափելի է։ Ամբողջ ուսուցչական կազմը սգում է. բոլորիս աչքի առաջ է գեղեցկադեմ, հետաքրքիր ու իսկական թասիբով Մխիթարը։

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Մխիթար Գալեյանի ուսուցիչ Անահիտ Վարդանյանը։

«Մխիթարի մասին անցյալով խոսել չեմ կարող։ Իմ ընտանիքը մասնակցություն է ունեցել և՛ Արցախյան ազատամարտին, և՛ Ապրիլյան պատերազմին, բայց սա ուրիշ էր։ Մխիթարին 9-րդ դասարանում «Մաթեմատիկա» եմ դասավանդել։ Արդեն իսկ զգացվում էր Մխիթարի կայուն, բարձր արժեքներով օժտված տեսակը։ Դասարանում և դպրոցում աղջիկների սիրելին էր, նկատելի էր նաև ընկերների ակնածանքը։ Աշակերտները տարբեր են լինում՝ լավ սովորող, չսովորող և այլն։ Մխիթարն աչքի էր ընկնում որպես լավ ու շատ հայրենասեր մարդ»,-ասաց ուսուցիչը։

Ուսուցիչը նշեց, որ Մխիթարը դեռ վաղ հասակից անդամագրվել էր «Պատանի երկրապահ»-ին և շատ մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր ընտրությանը և հենց այդ ժամանակ էլ, կարծես թե, զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

«Կան ուղղակի հայեր, կան հայրենասեր հայեր։ Նրա հայրն էլ է գնացել, բայց վիրավորվել է, չի տեսել որդուն։ Երևանում է իմացել որդու նահատակության լուրը. մեր Մխոն (Դուխավիկ Մխոն) վազել է երկու ընկերներին օգնության և զոհվել։ Իրենց վերջին զանգին բոլորս էինք հուզված, արտասվում էինք ուրախությունից, հպարտությունից, բայց այսօր արդեն՝ վշտից ու ցավից» ,-ներկայացրեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *