Հայկական զինուժը տապալեց ծրագիրը

Մինչ հրադադարի ժամը, սակայն, օրվա առավոտյան ադրբեջանական ուժերը կիրառել են անօդաչու թռչող սարքեր և փորձել գրոհել նրանց օժանդակությամբ, միաժամանակ նաև հրադադարի հաստատման ժամից րոպեներ առաջ հարվածելով Հայաստանի տարածքին՝ Կապանին, որտեղ ըստ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կա զոh և վիրավորներ: Ադրբեջանցիները փաստորեն մինչև վերջին պահը չեն կորցրել իրենց ահաբեկչական դեմքը, ըստ այդմ առաջացնելով հարց՝ իսկ հնարավո՞ր է պայմանավորվել ահաբեկիչների հետ, նրանք ունա՞կ են պահպանելու հումանիտար հրադադարը և հետագայում քննարկելու զինադադարի, այսինքն երկարատև կայունության հարց: Ադրբեջանական ընդհուպ վերջին պահին այդ հարվածները վկայում են, որ քաղաքական և ռազմական առումով Բաքուն հայտնվել է բավականին ծանր վիճակում և հրադադարի շուրջ մոսկովյան խորհրդակցությունները մեղմ ասած ոգևորիչ չեն իրենց բովանդակությամբ: Այլապես, Ադրբեջանը թերևս պետք է շահագրգռված լիներ կրակի րոպե առաջ դադարեցման, ոչ թե մինչև վերջին րոպեն ահաբեկչական բնույթը չթաքցնելու հարցում: Մյուս կողմից, հրադադարի դեմ ադրբեջանական սադրանքները այլևս նշանակելու են թերևս ուղիղ սադրանքներ Ռուսաստանի դեմ, որի հովանու ներքո է ձեռք բերվել պայմանավորվածությունը, այն էլ առաջին դեմքերի մակարդակով, ինչպես շեշտվել է ԱԳ նախարարների հայտարարության մեջ: Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև առարկայական բանակցությունների վերադառնալու վերաբերյալ, որտեղ նշվում է, որ դրանք ծավալվելու են Մինսկի խմբի հովանու ներքո: Այդպիսով, առնվազն այս պահին կարող ենք արձանագրել, որ հայկական զինված ուժերը հերոսական սխրանքով և մեր զինվորների, սպաների ու կամավորականների կյանքի գնով կանգնեցրին Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու թուրք-ադրբեջանական փորձը: Անկասկած է, որ այդ փորձի համար արվել է ահռելի նախապատրաստություն, գործի դնելով ոչ միայն տարիներ շարունակ հենց դրա համար միլիարդավոր դոլարներով սպառազինված ադրբեջանական բանակի ամբողջ ռեսուրսը, այլ ներգրավելով նաև թուրքական և ահաբեկչական աջակցություն: Այդ ամենը բախվել է հայկական բանակի պատին, կրելով ահռելի կորուստներ և չկարողանալով լուծել ոչ մի էական հարց: Այն, որ առնվազն արձանագրվում է գործնականում նույն կետից սկսելու քաղաքական-դիվանագիտական հանգամանքը, խոշոր հաշվով վկայում է թուրք-ադրբեջանական պարտություն:

Միևնույն ժամանակ, ինքնին պարտություն է և այն, որ հայկական բանակը փաստացի կոտրել է ադրբեջանական քաղաքականության «խոփը»՝ ռազմական շանտաժի բաղադրիչը: Սրանով հանդերձ, ոչինչ հաստատուն չէ և ըստ այդմ պետք է չկորցնել զգոնությունը, միշտ պատրաստ լինելով ցանկացած շրջադարձի, որովհետև հենց այդ զգոնությունն է նաև թե հրադադարի հաստատուն և տևական բնույթի հասնելը, և թե հետագա քաղաքական գործընթացում բանակի ստեղծած նախադրյալները զարգացնելը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *