«Թուրքիա և Ադրբեջան, չնայած ձեր ջանքերին, մենք երբեք չենք ոչնչանա». Ալեքսիս Օհանյանի գրառումներն Արցախի մասին

Reddit-ի համահիմնադիր, գործարար Ալեքսիս Օհանյանը սոցցանցերի իր էջերում հաճախ է գրառումներ անում` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախում տիրող իրավիճակի վրա։ Թվիթերի իր էջում նա վերահրապարակել է մեկ այլ օգտատիրոջ տեսանյութ, որում Ադրբեջանի կողմից հրետակոծված Սբ. Ղազանչեցոց եկեղեցին է:

Տեսանյութին կից գրված է. «Հրատապ: Հենց նոր ենք վերադարձել Շուշիից, որը 20 կիլոմետր է հեռու Ստեփանակերտից: Եկեղեցին հարվածներ է ստացել, ներսում սարսափելի ավերածություններ են: Փառք Աստծո, որ եկեղեցու նկուղում գտնվող երեխաներն ու նրանց ծնողները չեն վնասվել»:

Իր կողմից Ալեքսիսը գրառմանն ավելացրել է. «Մենք այն կվերակառուցենք»:
Մյուս վերահրապարակված գրառման մեջ Ալեքսիսը գրել է. «Այս պատմական հայկական եկեղեցին հրետակոծվել է Ադրբեջանի կողմից»:

Նա նաև վերահրապարակել է Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարները` հրետակոծումից հետո, որին կից գրել է. «Նրանք նորից մեր եկեղեցիներն են քանդում: Սա արդեն ռազմական նշանակության օբյեկտների վրա հարձակում չէ»:

Գործարարի Ինստագրամի էջը նույնպես ողողված է Հայաստանի ու Արցախի մասին հրապարակումներով: Վերջին հրապարակումը, որն Ալեքսիսը արել է, հայ զինվորների երգելու տեսանյութն է առաջնագծից, որին կից գրել է. «Թուրքիա և Ադրբեջան, չնայած ձեր ջանքերին, մենք երբեք չենք ոչնչանա: Աստված թող օրհնի վտանգի մեջ գտնվող յուրաքանչյուր հայի: Խաղաղություն Հայաստանին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed