«Տղաս ինձ ասաց, որ, եթե իր անունը կարդամ զոհվածների ցուցակում՝ չհավատամ. դա այն զանգն էր, որով վերջին անգամ լսեցի որդուս ձայնը» (լուսանկարներ, տեսանյութ)

«Որդիներս ծնվել ու մեծացել են Սպիտակում։ Ազատս շա՜տ երկար սպասված երեխա էր, շատ կոկիկ, պարտաճանաչ, համեստ ու բառիս բուն իմաստով փայլուն երեխա էր»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց 3 տղաների մայրը՝ Վարդուհի Այվազյանը, որի ավագ որդին՝ Ազատ Այվազյանը, զոհեց կյանքը՝ հանուն հայրենիքի պաշտպանության:

Ազատը այնքան կոկիկ էր, որ մայրը փոքրուց նրան տվել էր «փայլուն» մականունը: Նա սովորել և ավարտել էր Սպիտակի միջնակարգ դպրոցը, որից հետո ավարտել էր նաև Սպիտակի պետական քոլեջի տնտեսագիտական բաժինը։ Ազատը մտադիր էր ծառայությունը ավարտելուց հետո ուսումը շարունակել համալսարանում։

Հերոսը իր միջնեկ եղբոր հետ ծառայում էր Մարտակերտի զորամասում. «Պատերազմական այս դաժան օրերին երկու որդիներս իրարից մի քանի դիրք հեռավորությամբ էին մարտնչում թշնամու դեմ»,- նշեց հերոսի մայրը:

Ազատը շատ նրբանկատ էր, նա այնպես էր անում, որ ընտանիքը մի վայրկյան անգամ չանհանգստանա իր համար. «Վերջին օրերին, երբ զրուցեցինք տղայիս հետ, ասաց, որ, եթե իր անունը կարդանք զոհված զինծառայողների ցուցակում՝ չհավատանք: Մեզ անընդհատ հանգստացնում էր՝ ասելով, որ իր տեղը շատ ապահով է, որ այնտեղ մարտեր չեն ընթանում, այնինչ որդիս կռվում էր ամենաթեժ կետերում»,- խորը ցավով նշում է տիկին Վարդուհին:

Ընտանիքի անդամները Ազատի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 11-ին, որից 2 օր անց Ազատը զոհվել է. «Երբ զանգահարեց, շատ տխուր էր, երկու րոպեից էլ քիչ ենք խոսել, ասաց, որ ժամանակ չունի ու անջատեց: Դա այն զանգն էր, որով վերջին անգամ լսեցի տղայիս ձայնը»,- հուզմունքով, բայց միևնույն ժամանակ մեծ հպարտությամբ եզրափակեց հերոսի մայրը:

https://youtube.com/watch?v=ZB7-zC0FCg0%3Ffeature%3Doembed

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *